Հայաստանի կողմից միջազգային արբիտրաժի վճիռը չկատարելու որոշումը կարող է լրջորեն ազդել ՀԷՑ-ի հետ կապված գործի վերջնական արդյունքի վրա՝ զգալի ֆինանսական բեռ դնելով պետբյուջեի վրա։ Այդ մասին ասել է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։
Ըստ նրա՝ «ի վերջո ՀՀ–ն կառաջարկի հաշտություն, որը կլորիկ գումար կարժենա երկրի բյուջեի վրա», հայտնում է «Փաստինֆոն»։
Նա նշել է, որ ՀԷՑ-ի վերաբերյալ Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշման շուրջ ստեղծված իրավիճակը նոր չէ։ Նման զարգացումներ են գրանցվել դեռևս 2007 թվականին, երբ Եվրոպական դատարանը կայացրել է իր առաջին վճիռը ընդդեմ Հայաստանի, և այնուհետև 2008-ին «Ա1+»-ի գործով դատավճռի ժամանակ։ Նմանատիպ դեպք է եղել նաև, երբ Արտադրության միջազգային դատարանը հրապարակել է միջանկյալ որոշում Ադրբեջանի դեմ, ինչպես նաև բազմաթիվ այլ դեպքերում։
Ըստ միջազգային իրավունքի մասնագետի՝ երբ պետությունը չի ցանկանում կատարել դատական որոշումը, սկսում է այն մեկնաբանել։
«Արդյունքում, կառավարությունը սկսում է հղում կատարել իր ներպետական օրենքներին կամ ինչ-ինչ չեղած միջազգային սկզբունքներին, թե իբր այդ որոշումը մենք պարտավոր չենք կատարել, մինչդեռ ճշմարտությունը մեկն է. եթե դու ընդունել ես այդ դատարանի իրավասությունը որևէ կոնվենցիայով, ապա միջազգային տրիբունալի որոշումը պարտադիր է կատարման համար, վերջ։ Որևէ այլ մեկնաբանություն անտեղի է»,– ասել է նա՝ շեշտելով, որ պետությունները լայն հնարավորություն ունեն տարբեր կերպ մոտենալու նման հարցերին։
Իրավաբանը պարզաբանել է, որ նման մանևրումների օրինակները բազմաթիվ են։
«Կարող ենք առանձնացնել Իսրայելի օրինակը՝ Երուսաղեմի պատի վերաբերյալ միջազգային դատարանի որոշումը։ Պետք է հասկանալ, որ խոսում ենք սուվերեն պետության մասին․ իշխանությունն ուղղակի ասաց՝ ես չեմ կատարելու այդ որոշումը և սարքելու եմ պատը։ Ուզում եմ ասել՝ օրինակները շատ են․ պետությունները, եթե ուզենան, կարող են չկատարել որոշումները, բայց իրավաբանորեն այդ որոշումները պարտադիր են․ դրանք պետք է հարգել ու կատարել՝ անկախ նրանից դա վերջնական դատական ակտ է, թե նախնական, թե միջանկյալ։ Տվյալ դեպքում դա միջանկյալ որոշում է, որը պարտադիր է կատարման համար»,–ասել է Ղազարյան ը։
Լրագրողի դիտարկմանը, թե ակնհայտ է՝ իշխանություններն ընտրել են չկատարելու ճանապարհը՝ միաժամանակ իրականացնելով ՀԷՑ-ի քաղաքականացում, քանի որ օր օրի նոր նշանակումներ են կատարվում, որոնց հիմնական չափորոշիչը ՔՊ-ին պատկանելությունն է, Ղազարյանը արձագանքել է, որ սեփականատերը պետք է շարունակի դատական գործընթացը մինչև վերջնական ակտի կայացումը։ Այդ պարագայում, եթե դատարանը կայացնի որոշում հօգուտ սեփականատիրոջ և պետությունը չցանկանա առաջարկել հաշտություն, ապա պետությունը պետք է գործի դատարանի որոշման համաձայն։
«ՀԷՑ-ը կամ Սամվել Կարապետյանը պետք է իրավական գործընթացով առաջնորդվեն՝ շարունակելով ատյանում քննությունը։ Այն, որ Հայաստանը որոշեց չհարգել կայացված դատական ակտը, իր վրա ռիսկ վերցրեց՝ իրավական գործընթացի ռիսկ։ Այստեղ նաև քաղաքական ռիսկեր կան։ Օրինակ՝ կազդի՞, թե՞ ոչ Հայաստանի վրա հետագա ներդրումների կամ Հայաստանի վարկանիշի վրա։ Բայց Հայաստանը ուղղակի որոշեց չհարգել միջազգային տրիբունալի որոշումը և առաջնորդվել իր պլաններով։ Բնականաբար, սա ձևավորելու է որոշակի կարծիք դատավորների մոտ Հայաստանի վերաբերյալ։ Բնականաբար, Հայաստանի կառավարության այդ քայլը ազդելու է ամբողջական գործի քննության վրա՝ ի շահ հայցվորների, դիմատուների, որովհետև դատավորները չեն սիրում, երբ դատավարության մասնակիցը չի ենթարկվում դատարանի հրահանգներին։ Սա կարող է էլ ավելի մեծացնել Հայաստանի պարտության հավանականությունը»,–հավելել է փորձագետը։
Ղազարյանը կարծում է, որ ի վերջո Հայաստանը կառաջարկի հաշտություն, որը կլորիկ գումար կարժենա երկրի բյուջեի վրա։
«Ի վերջո, եթե գույք է խլվում, ապա պետք է անպայման փոխհատուցում տալ։ Ընդ որում՝ կարծեմ հայտարարություն հնչել է, որ չեն պատրաստվում փոխհատուցում չտալ։ Այսինքն՝ Հայաստանը որոշել է գույքը խլել, տալ մեկ այլ տնտեսվարող սուբյեկտի՝ գույքի սեփականատերերին փոխհատուցում տրամադրելով։ Միայն թե դրա համար պետք է ներկայացնի, թե որն է հանրային շահը, ինչ հիմքով է դա անում։ Մենք այդպես էլ չհասկացանք՝ այդ հանրային շահն այս դեպքում որն է․ դրա վերաբերյալ քննարկումներ կա՞ն, եղե՞լ են, արդյո՞ք հասարակական սուր պահանջ կա, թե կուսակցությունը կամ քաղաքական մեծամասնությունը ուղղակի որոշում է կայացրել, որ ժամանակն է փոխել սեփականատիրոջը»,–նշել է նա։
Իրավաբանի գնահատմամբ՝ այն հիմնավորումը, թե խոսքը էլեկտրաէներգիայի անջատումների մասին է, չի կարող իրապես հանրային հրատապություն առաջացրած լինել՝ օպերատորին փոխելու համար։
«Դրա վերաբերյալ տարիներով պետք է քննարկում լիներ հասարակության մեջ, և դա պետք է ինքնաբուխ լիներ, ոչ թե մի օր հանկարծ գործադիրը հրահանգեր, և բոլորը հասկանային, որ փաստորեն խնդիր կա։ Իսկ նման խնդիր կա բոլոր ոլորտներում»,–ասել է նա։
Երկու ամսով կալանավորված գործարար, բարերարՍամվել Կարապետյանը և նրա ընտանիքը հաղթել են ՀՀ կառավարության դեմ նախաձեռնած ՀԷՑ-ը պետականացնելու արբիտրաժային հրատապ գործը։
2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի հրատապ արբիտրաժը որոշում է կայացրել՝ պարտավորեցնելով ՀՀ-ին չկիրառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներով սահմանված դրույթները, ինչպես նաև դադարեցնել ՀԷՑ-ի հնարավոր բռնագրավման հետագա քայլերը։
ՀՀ կառավարությունն արձագանքել է ՀԷՑ–ի հարցով Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի հուլիսի 22-ի վճռին։ Նշվում է, որ «վեճի շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները»։ Նշվում է, որ հարգելով վճիռը, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ։






