AM
7 Օգոստոս 2025 - 08:00 AMT

Դեմոյան․ Պատմության դասագրքերի բովանդակության դեմ պայքարը սոսկ քաղաքական պայքար չէ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պատմության դասագրքերի բովանդակության դեմ պայքարը սոսկ քաղաքական պայքար կամ ակադեմիական անճշտությունների դեմ իրականացվող ընդվզում չէ:

«Պարզ բացատրում եմ, թե ինչ գոյաբանական, անվտանգային ու բարոյական հիմնատարրեր կան այդ պայքարում:

Յոթ տարի շարունակ պետության դեմ իրականացված բազմաթիվ հանցագործությունների արդյունքում իշխանության բերված և այդ իշխանությունը զարտուղի ճանապարհներով ուզուրպացրած, ներքին ու արտաքին ուժերի բազում ու բազմապիսի շահերը սպասարկող խունտան հետևողականորեն տանում է հասարակության անասնացման գործընթաց, որին փորձում է պարտադրել անցյալի, ներկայի ու ապագայի իր տեսլականն ու այլասեռված ընկալումներն ու գնահատականները: Դա անում են չհարգելով ՀՀ քաղաքացուն անհատապես և ՀՀ քաղաքացիներին ընդհանրապես՝ ում հետ պարտավոր են հաշվի նստել և առաջնահերթ պաշտպանեին հենց այդ քաղաքացիների շահերը:

Այսպիսի բովանդակությամբ դասագրքեր հրատարակելով ՀՀ-ում իշխանությունը զավթած ուժերը հայտարարում են, որ ի դեմս ՀՀ քաղաքացիների ու իրենց հաջորդ սերունդների չեն տեսնում մարդկային բանականությամբ ու բարոյական արժեհամակարգով օժտված անհատներից բաղկացած հասարակություն, քանզի իրենց իրավունք են վերապահում առանց որևէ դիմադրության պարտադրել ու տարբեր ձեռնածությունների միջոցով անցկացնել ցանկացած սուտ, կեղծարարություն, անցյալի ու ներկայի այլասեռված պատում:

Կոչս ուղղված է հայ ծնողին, հայ ուսուցչին, հայ քաղաքացուն. Տե´ր կանգնեք Ձեր պատմությանը, Ձեր հիշողությանը, Ձեր պատվին ու արժանապատվությանը,

Տե´ր կանգնեք մատաղ սերնդի ապագային, մի´ թողեք այն բռնաբարեն ու հընթացս էլ ծիծաղեն Ձեր վրա,

Մի´ թողեք, որ հաղթի ամենաթողությունն ու տգիտությունը, պահեք այս կարևոր ճակատը միասնաբար, քանզի այն պահելն ու հակահարված տալը վերապահված չի միայն անհատներին»,–գրել է նա։

Դեմոյանը հավելել է, որ անտարբերությունն ու կրավորական մոտեցումը այս հարցին հանգեցնելու է «ազգային ինքնության լիակատար ու վերջնական փլուզմանը՝ իր բոլոր աննկարագրելի ու անկանխատեսելի հետևանքներով:»

Ավելի վաղ Դեմոյանն անդրադարձել էր 9-րդ դասարանի պատմության դասագրքին, որտեղ ասվում է, որ 2018–ին հաջորդած փուլը, հատկապես 2020թ․ պատերազմի հետևանքով, դարձավ արժեքների վերաիմաստավորման շրջան։ «Խոսքը վերաբերում է հատկապես խաղաղության, մարդու կյանքի, համամարդկային արժեքների հանդեպ ընկալումների ու վերաբերմունքի փոփոխություններին»,–ասվում է դասագրքում։