AM
7 Օգոստոս 2025 - 09:34 AMT

Սաղաթելյան. Քանի չեն լուծվել անգամ հումանիտար հարցերը, խաղաղության մասին խոսակցությունները ծաղր են

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը նշել է, որ եթե որևէ երկիր իրականում շահագրգռված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև վստահության ձևավորմամբ և տարածաշրջանում խաղաղության կայացմամբ, ապա նախ և առաջ պետք է ջանքեր գործադրի Բաքվում պահվող բոլոր գերիների ազատ արձակման, Ադրբեջանի զորքերի՝ ՀՀ տարածքից դուրսբերման և բռնի տեղահանված արցախահայերի վերադարձի իրավունքի իրագործման ուղղությամբ։

Նա հավելել է, որ քանի չեն լուծվել անգամ հումանիտար բնույթի հարցերը, խաղաղության մասին խոսակցությունները ծաղր են հայ ժողովրդի նկատմամբ։

«Հայաստանը բավական ցավոտ և «խիզախ» միակողմանի զիջումներ արդեն արել է, սակայն այդ զիջումները ոչ միայն տարածաշրջանը չեն կայունացրել, այլ էլ ավելի են գրգռել Ադրբեջանի ախորժակը՝ դուռ բացելով նոր պատերազմի համար:

Քանի չեն լուծվել անգամ հումանիտար բնույթի հարցերը, խաղաղության մասին խոսակցությունները ծաղր են հայ ժողովրդի նկատմամբ:

Իհարկե դուք կարող եք տարբեր հուշագրեր ստորագրել խաղաղության մասին, կարող եք տասնյակ հայտարարություններ անել, բայց դրանցից և ոչ մեկը խաղաղություն չի բերելու տարածաշրջան:

Պատմության ընթացքում ոչ մի ուժի երբևէ չի հաջողվել ագրեսորի բոլոր պահանջները բավարարելով հասնել խաղաղության: Այդպիսի քաղակաքանությունն, ի վերջո, հանգեցրել է աղետի բոլորի համար:

Մինչ այդ` հերթական անգամ նշեմ, որ այս ընթացքում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները տեղի են ունենում ժողովրդի թիկունքում և բացառապես մեկ անձի հետ:

Հայաստանում ազդեցություն ունեցող որևէ քաղաքական ուժ, լուրջ հեղինակություն ունեցող որևէ անհատ կամ կառույց չի սատարում այդ պայմանավորվածությունները և օրվա ռեժիմի որդեգրած քաղաքական ուղեգիծը:

Ձեռք բերված պանմանավորվածությունները կյանքի կոչելու համար վարչախումբը ստիպված ամեն անգամ ընդլայնում է ռեպրեսիաների ալիքը, ավելացնում երկրում քաղբանտարկյալների թիվը:

Ուստի արտաքին այն ուժերը, որոնց հույսը Փաշինյանի անվերջ զիջելու մարտավարութնունն է, պետք է լավ իմանան, որ անվերջ ռեպրեսիաների միջոցով հանրային դժգոհության ալիքը երկարաժամկետ զսպել հնարավոր չէ»,–գրել է նա։

Օգոստոսի 8–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Առանձին հանդիպումներին կհաջորդի եռակողմ հանդիպումը։

Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան, որը չի ցանկացել, որ իր անունը հրապարակվի, Washington Post–ին ասել է, որ Թրամփի հետ հանդիպմանը հնարավոր է հայտարարվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի մասին։