Երևանում Մ. Բաբաջանյան և Աճառյան փողոցների խաչմերուկում ավտոմեքենայի բռնկման հետևանքով 6 տուժած տեղափոխվել էր Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն։
Կենտրոնից հայտնել են, որ նրանց վիճակը կայուն է, մեկի վիճակն է ծանր, տեղեկացնում է Radar Armenia-ն։
«Ծանր վիճակում մեծ տղան է միայն, որի այրվածքները այտուցված են, բայց այժմ մասնագետներ ենք բերել, որ նայեն»,-ասացին բուժհաստատությունից։
Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 6-ի ցերեկը։
Օգոստոսի 6-ին, ժամը 14:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մ. Բաբաջանյան և Աճառյան փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Kia» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի հատվածում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Այրվել է ավտոմեքենայի բեռնախցիկի հատվածը․ վարորդը և հինգ ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։






