AM
7 Օգոստոս 2025 - 11:26 AMT

Հնդիկ աշխատողները փակել էին Իջևան-Երևան ճանապարհը

Հնդկաստանի մի խումբ քաղաքացիներ օգոստոսի 6–ին փակել էին Իջևան-Երևան միջպետական ճանապարհը։ Նրանք աշխատանքային պայմանների բարելավում էին պահանջում։ Այդ մասին ասել է Իջևանի «Իջ-Գրանդ» տեքստիլ արտադրամասի տնօրեն Մհեր Միրզոյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ նրանք պահանջում են, որ գործատուն վճարի իրենց աշխատավարձը։

«Խնդիրը աշխատավարձի հետ կապված է այնքանով, որ նրանք ուզում են աշխատավարձի բարձրացում, աշխատաժամանակի կրճատում, մինչդեռ 3 տարվա աշխատանքային պայմանագիր ունեն կնքած»,–ասած Միրզոյանը։

Նա ընդգծել է, որ ընկերությունը չի կարող բավարարել հնդիկների աշխատանքային պայմանագրից դուրս պահանջները։

«Ավելի լավ է` ես հիմնարկը փակեմ, քան թե այդ պայմաններով աշխատեմ։ Կան աշխատողներ, որոնց 3 տարվա աշխատանքային պայմանագիրն ավարտվում է, ես նրանց համար տոմս եմ գնում, նրանց տուն եմ ուղարկում, կամ եթե ուզում են, երկարաձգում ենք պայմանագիրը»,–ասել է նա։

Միրզոյանի խոսքով` Իջևանում աշխատուժը քիչ է, այդ պատճառով ստիպված են հնդիկ աշխատողներ ներգրավել, սակայն աշխատավարձից զատ նրանց համար անհրաժեշտ բոլոր կենցաղային պայմաններն ապահովում են։

Տնօրենն ընդգծել է` նախկինում էլ են եղել բողոքներ, սակայն հարցը ճանապարհ փակելուն չի հասել։

«Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ` իրենց ոչ մի պարտք չունենք։ Նրանք ընդամենը ունեն 6 օրվա չվճարված աշխատավարձ, ամիսը կվերջանա, կվճարվեն»,–ասել է նա։

Միրզոյանը հավելել է, որ արտադրամասում նաև 170 հայ է աշխատում։