Տիրամոր վերափոխման տոնը` Խաղողօրհնեքն այս տարի կնշվի օգոստոսի 17–ին։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հանդիսավոր կերպով է տոնում Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը, որը հինգ տաղավար տոներից չորրորդն է և միաժամանակ՝ Աստվածամորը նվիրված ամենահին տոնը, հայտնում է qahana.am–ը։
Ըստ եկեղեցական ավանդության՝ Սուրբ Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո շուրջ տասներկու տարի ապրել է Երուսաղեմում՝ Սուրբ Հովհաննես Ավետարանչի խնամքի ներքո։ Մեկ օր Գաբրիել հրեշտակապետն ավետել է նրա երկնային վերափոխման լուրը՝ ասելով. «Ուրախացի՛ր, բերկրյալդ կանանց մեջ, քանզի քեզ կանչում է մեր Արարիչը, քո Միածին Որդին»: Սուրբ Մարիամը այս ուրախալի պատգամը հայտնել է իր ազգականներին, բոլոր քրիստոնյաներին ու առաքյալներին՝ նրանց պատվիրելով իր մարմինը թաղել Գեթսեմանիի ձորակում։ Այնուհետև նա խնդրել է Սուրբ Հովհաննեսին մատուցել Պատարագ, որպեսզի հաղորդվի իր Միածին Որդու Մարմնին և Արյանը։
Այդ ժամանակ Սուրբ Հովհաննեսը, Սուրբ Կույս Մարիամի և նրա ուղեկից կանանց հետ, բարձրացել է Վերնատուն, որտեղ մատուցել է Պատարագի խորհուրդը։ Երբ նա արտասանել է գոհության աղոթքը, հանկարծ որոտ է հնչել, և Սուրբ Հովհաննեսին ձայնակցել են սուրբ առաքյալները, որոնց Սուրբ Հոգին այդ պահին հրաշքով միավորել է աշխարհի տարբեր վայրերից։
Սուրբ Հովհաննես Ավետարանիչը վերցրել է կիպարիսից պատրաստված մի փայտ և դրա վրա պատկերել Սուրբ Տիրամոր կերպարը, որպեսզի նրա վերափոխումից հետո այդ սրբությունը պահվի մոտիկում։ Այնուհետև առաքյալները խնդրել են Տիրամորը, որ օրհնի այդ պատկերը՝ այն դնելով իր աստվածային դեմքի վրա, որպեսզի իր բարեխոսությամբ խնդրի Տիրոջը՝ այդ սրբապատկերի միջոցով բարիքներ պարգևելու աշխարհին։ Ամենօրհնյալ Սրբուհին վերցրել է այդ պատկերը, խաչակնքել, օրհնել և հպել իր սուրբ դեմքին։
Երբ Սուրբ Կույսը ննջել է, նրա հոգին միավորվել է երկնային լուսեղեն զորքերին, իսկ մարմինը, մնալով անփոփոխ մահճում, անուշահոտությամբ բուրել է՝ Սուրբ Հոգու շնորհը արձակելով որպես խունկ։ Սուրբ առաքյալները նրա սուրբ նշխարները ուսերին վերցնելով, մոմերով, ջահերով, սաղմոսներով և օրհնություններով առաջնորդվել են դեպի Գեթսեմանի։
Նրա օրհնյալ մարմինը տեղադրել են գերեզմանում և երեք օր պահել պատշաճ խնամքով։ Այդ ընթացքում անընդհատ լսվել են հրեշտակների փառաբանության երգեր։ Երրորդ օրը առավոտյան երկնային զորքերը իջել են գերեզմանի վրա, և մեր Տերը՝ լուսաշող ամպով ու հրեշտակներով, մոտեցել է գերեզմանին ու կնքված գերեզմանից՝ առանց կնիքը խախտելու, վերցրել է Սուրբ Կույսի մարմինը և վերատարել երկինք։
Սուրբ առաքյալներից մեկը՝ Սուրբ Բարդուղիմեոսը, այդ օրերին գտնվել է Երուսաղեմից դուրս։ Երբ նա վերադարձել և տեղեկացել է կատարվածի մասին, խորապես վշտացել է, որ չի հասցրել հրաժեշտ տալ և չի ստացել Տիրամոր վերջին օրհնությունը։ Նա աղաչել է Սուրբ Պետրոսին ու մյուս առաքյալներին՝ իրեն ցույց տալ Տիրամոր մարմինը։ Առաքյալները աղոթքով ու երկյուղով բացել են գերեզմանը և այն դատարկ են գտել՝ միայն պատանքներն էին մնացել։
Սրբերը փառավորել են Աստծուն ու Սուրբ Բարդուղիմեոսին մխիթարելու համար նրան փոխանցել Սուրբ Տիրամոր պատկերը։ Այդ պահին Սուրբ Թովմասը ձոնել է Տիրամորը մի երգ, որը մինչ այսօր հնչում է եկեղեցում. «Փառավորյալ և օրհնյալ միշտ սուրբ Կույս Աստվածածին Մարիամ՝ մայր Քրիստոսի, մատուցիր մեր աղաչանքները Քո Որդուն և մեր Աստծուն»: Քանզի Սուրբ Կույս Մարիամը միշտ կենդանի է Աստծու առջև։
Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի օրը բոլոր եկեղեցիներում պատարագ է մատուցվում։
Հայ Առաքելական եկեղեցում տոնն առանձնահատուկ է նրանով, որ օգոստոսի այս շրջանում Հայաստանի հեթանոսական ժամանակից եկող՝ հասունացող խաղողի օրհնության ծեսով է պայմանավորված։ Այսինքն՝ տոնի օրը, Պատարագից հետո կատարվում է Խաղողօրհնեք, որից հետո միայն կարելի է խաղող ուտել։ Այդպիսով օրհնվում է տարվա ողջ բերքն ու բարիքը։ Նույն օրհնված խաղողից օրհնված գինի են պատրաստում, որը մարդիկ պահում են մինչև հաջորդ տարվա խաղողօրհնեքը՝ որպես լիառատության ապահովման նշան։






