AM
7 Օգոստոս 2025 - 13:59 AMT

«Ֆեստիվառի» անցկացման համար կառավարությունն ավելի քան 211 մլն դրամ կհատկացնի

Հայաստանի տարբեր մարզերում անցկացվող «Ֆեստիվառ» զբոսաշրջային ու երաժշտական փառատոնի համար կառավարությունը որոշում է ընդունել հատկացնել ավելի քան 211 մլն դրամ։

Գումարը տրամադրվելու է նախարարության՝ 2025 թվականի բյուջեից իրականացված ընդհանուր վերաբաշխման արդյունքում։ «Ֆեստիվառ» փառատոնն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության հովանու ներքո, իսկ դրա իրականացմամբ զբաղվում է Հանրային հեռուստաընկերությունը, հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

«Ֆեստիվառ» փառատոնն արդեն երրորդ տարին անընդմեջ կազմակերպվել է՝ նպատակ ունենալով խթանել մարզերում մշակութային գործունեությունը և զարգացնել ներքին զբոսաշրջությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Այս տարվա փառատոնային միջոցառումների շարքը կմեկնարկի օգոստոսի 23-ին։ Այդ օրը Արտաշատ քաղաքում նախատեսվում է երգիչ Սարո Թովմասյանի (Սարո) համերգը՝ Karen Sevak Band խմբի մասնակցությամբ։ Միջոցառման ընթացքում կկազմակերպվի նաև տեղական արտադրանքի ցուցահանդես և վաճառք, իսկ տուրիստական մեքենաները կծառայեն այցելուներին՝ տեղափոխելով նրանց մարզի տեսարժան վայրեր։

«Ֆեստիվառի» շրջանակում երկրորդ միջոցառումը կկայանա սեպտեմբերի 13-ին Հրազդան քաղաքում՝ երգիչ Հարութ Փամբուկչյանի՝ Ձախ Հարութի մենահամերգով, որը ևս կուղեկցի Karen Sevak Band-ը։

Փառատոնի հաջորդական միջոցառումների շարքը կշարունակվի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Անկախության օրը, երբ Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակում հանդես կգան տարբեր արտիստներ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ։ Երաժիշտների անունները կհրապարակվեն առաջիկայում։