Factor TV-ի աղբյուրների համաձայն, օգոստոսի 8–ին ԱՄՆ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարներ Դոնալդ Թրամփի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ժամանակ նախատեսվում է ստորագրել 3 առանձին փաստաթուղթ։
«Համաձայն մեր աղբյուրների՝ առաջին փաստաթուղթը ստորագրելու են արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը, որով Հայաստանը և Ադրբեջանը համաձայնություն են հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբից համատեղ դուրս գալու մասին»,–գրում է Factor.am-ը։
ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել էր ղարաբաղյան կոնֆլիկտը լուծելու նպատակով՝ ԵԱՀԿ-ի անդամ երկրների համաժողովի որոշմամբ։ Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը համաձայնել էին մասնակցել Մինսկի գործընթացին՝ որպես կողմեր, և ոչ թե որպես նախաձեռնողներ։
Նշվում է, որ ստորագրվելիք փաստաթղթով երկու երկիրը, ըստ էության, արձանագրում են այդ ձևաչափում իրենց մասնակցության ավարտը։
«Երկրորդ փաստաթուղթը ստորագրելու են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը լինելու է «Թրամփի երթուղի՝ ուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» ծրագրի շուրջ, որը հակիրճ անվանվում է TRIPP հապավումով։ Փաստաթղթում չի կիրառվելու «միջանցք» բառը, փոխարենն օգտագործվելու է «ճանապարհ» տերմինը։
Երկրորդ փաստաթղթով Հայաստանը և ԱՄՆ-ն պայմանավորվում են ստեղծել «ՀՀ-ԱՄՆ համատեղ ձեռնարկություն»՝ իբրև իրավահավասար գործընկերներ։ Եթե նախկինում խոսք է եղել ԱՄՆ-ի կողմից Սյունիքի ճանապարհի հնարավոր վարձակալության մասին, ապա այդ տարբերակը դուրս է եկել քննարկումներից, և հայ-ամերիկյան փաստաթուղթը նախատեսում է ամբողջությամբ ուրիշ կարգավորումներ։
Պահպանվելու են Հայաստանի ինքնիշխանությունը և իրավազորությունը ճանապարհի նկատմամբ, ինչպես նաև անձեռնմխելի է մնալու Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Հայաստանն ու ԱՄՆ-ն ստեղծում են համատեղ ձեռնարկություն, որը գրանցվելու է Հայաստանում և հիմնադրվելու է համաձայն Հայաստանի օրենսդրության, գործելու է հայկական օրենսդրության շրջանակներում։
Ըստ էության՝ ԱՄՆ-ն ֆինանսական ներդրումներ է կատարելու Հայաստանի ենթակառուցվածքների ստեղծման հարցում։ Հայաստանը և ԱՄՆ-ն համատեղ կառավարելու են այդ կոնսորցիումը։ ԱՄՆ-ն՝ որպես հայ-ամերիկյան կոնսորցիումի մասնակից կողմ՝ իրավունք կունենա կոմունիկացիոն ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքները պատվիրակել շինարարական կազմակերպությունների։
Այդ աշխատանքներին կկարողանան մասնակցել ինչպես ամերիկյան, այնպես էլ հայաստանյան ընկերություններ։ Մեր տեղեկություններով՝ խոսքը երկաթուղային, ավտոմոբիլային ենթակառուցվածքների ստեղծման մասին է։
Ֆինանսական ներդրումները կատարելու է ԱՄՆ-ն։ Այսինքն, ԱՄՆ-ն հանդես է գալիս է որպես պրոցեսի մասնակից և ոչ՝ միանձնյա սեփականատեր, և ֆինանսական մեծ ներդրումներ է կատարելու կոմունիկացիոն ենթակառուցվածքների ստեղծման նպատակով։ Ենթակառուցվածքները ոչ թե միանձնյա ստեղծելու և կառարավելու է ԱՄՆ-ն՝ ինչպես ենթադրվում էր նախկինում, այլ ԱՄՆ-ի և Հայաստանի ստեղծած կոնսորցիումը ձեռնարկվելիք շինաշխատանքները պատվիրակելու է շինարարական կազմակերպությունների (հայկական և ամերիկյան)»,–ասվում է հրապարակման մեջ։
Աշխատանքները ևս իրականացվելու են համաձայն Հայաստանի օրենսդրության։ Հայաստանի և ԱՄՆ-ի կողմից ստեղծվելիք կոնսորցիումը, որը կառավարվելու է երկու երկրների կողմից հավասարության սկզբունքով, իրավունք կունենա ենթակառուցվածքներ կառուցել։ Դա չի ենթադրի տարածքի նկատմամբ սեփականության իրավունքների օտարում Հայաստան պետության կողմից ԱՄՆ-ին։
Փոխարենը հայ-ամերիկյան բիզնես-կոնսորցիումն իրավունք կունենա այդ նպատակով տարածք վարձակալել և շինաշխատանքներ իրականացնել։ Դա կնշանակի, որ Հայաստանի պետական կառույցները կունենան հասանելիություն կառուցվելիք ենթակառուցվածքների նկատմամբ, ավելին՝ այդ ենթակառուցվածքները կստեղծվեն և կկառավարվեն հայ-ամերիկյան համատեղ կոնսորցիումի կողմից։
ԱՄՆ-ն այս ենթակառուցվածքների վրա չի տեղակայելու զորքեր կամ ուժայիններ, սակայն ԱՄՆ-ն պատասխանատվություն է կրելու, որ ճանապարհը ապահով լինի կոմերցիոն տեղաշարժերի համար։ Ենթադրաբար՝ ՀՀ-ԱՄՆ կոնսորցիումը հանձնարարելու է կազմակերպության՝ տեխնիկական միջոցներով ճանապարհը կառավարել։
Հայաստանի պետական կառույցները իրավունք կունենան այս տարածքում ցանկացած աշխատանք կատարել, քանի որ ճանապարհը շարունակելու է գտնվել ՀՀ ինքնիշխան տարածքում։ Օրինակ, եթե ճանապարհի վրա հանցագործություն տեղի ունենա, Հայաստանի պետական կառույցները մուտք կունենան ճանապարհի վրա և համապատասխան իրավական գործառույթներ կկատարեն, ինչպես ՀՀ-ի այլ տարածքներում։ Հայաստանի օրենքներն ամբողջությամբ տարածվելու են ճանապարհի վրա, և որևէ պարագայում՝ ՀՀ օրենսդրությունը չի կարող շրջանցվել։ Կոնսորցիումի աշխատանքի մանրամասները կշարադրվեն Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կնքվելիք պայմանագրով։
«Ստորագրվելիք երրորդ փաստաթուղթը չի լինելու Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության բուն համաձայնագիրը։ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ստորագրելու են շրջանակային համաձայնագիր, որով արձանագրելու են, որ երկու երկրները շարունակելու են աշխատանքներ տանել խաղաղության հասնելու նպատակով։ Երրորդ փաստաթղթով Ադրբեջանն ու Հայաստանը պարտավորություն կստանձնեն, որ ստորագրումից հետո որևէ կողմ չի կարողանա հրաժարվել արդեն իսկ համաձայնեցված Խաղաղության համաձայնագրի 17 հոդվածներից։ Դրանք կհամարվեն վերջնականապես համաձայնեցված և հետագայում փոփոխության կամ հրաժարման ենթակա չեն լինի»,–ասվում է հրապարակման մեջ։
Օգոստոսի 8–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Առանձին հանդիպումներին կհաջորդի եռակողմ հանդիպումը։






