ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել է 1․6 տարվա ազատազրկման՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու և արդարադատության ընթացքին միջամտելու համար։
Հակակոռուպցիոն դատարանում, նախագահությամբ դատավոր Վահե Դոլմազյանի հրապարակվել է Վարդազարյանի գործով դատավճիռը, հայտնում է Panorama.am-ը։
Դատարանը Վարդազարյանին մեղավոր է ճանաչել 2021 թվականին ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 486-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը կատարելու համար՝ արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը՝ պաշտոնական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով։
Վարդազարյանին նշանակվել է մեկ տարի վեց ամիս ազատազրկման պատիժ, իսկ որպես լրացուցիչ պատիժ՝ երկու տարի ժամկետով արգելք է դրվել տեղական և պետական ինքնակառավարման մարմիններում կամ դրանց կառույցներում պաշտոն զբաղեցնելու վրա։
Մինչ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը, պահպանվել է անփոփոխ։
Ըստ մեղադրական եզրակացության, Ռուբեն Վարդազարյանի դեմ մեղադրանք է առաջադրվել այն հիմքով, որ նա, 2019 թվականի հուլիսի 19-ից ղեկավարելով Բարձրագույն դատական խորհուրդը և հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար պաշտոնատար անձ, կատարել է իր լիազորություններին չհամապատասխանող գործողություններ։ Մասնավորապես, պաշտոնից բխող հեղինակությունն օգտագործելով՝ նա միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացման գործընթացին։






