ԱԺ «Պատռիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամձի միջնորդությամբ Բաքվի հետ ստորագրվելիք փաստաթղթին, գրել է, որ տարբերությունն այն է, որ 2020 թվին երրորդ կողմը Մոսկվան էր, իսկ հիմա Վաշինգտոնը։
Նա հավելել է, որ աշխարհաքաղաքական կենտրոններն իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանի իշխանությունը զուտ սպասում է` հասկանալու, թե ինչ կանեն իր հետ։
«Չորս կողմից արտահոսքերով, հարցազրույցներով ու մեկնաբանություններով շոշափվում է Հայաստանի տարածքում սպասվող զարգացումները, սակայն իշխանությունը շարունակում է քար լռություն պահպանել:
Սա երևի այն հետագա լուրերի նախապատրաստման համար է, որով տարածվելու է, որ մարդամեկի աչքերը կապել ու տարել են ԱՄՆ, իջեցրել պադվալ, ատրճանակը գլխին դրել ու թուղթ ստորագրել տվել:
Տարբերությունն այն է, որ 2020 թվին երրորդ կողմը Մոսկվան էր, իսկ հիմա Վաշինգտոնը:
Աշխարհաքաղաքական կենտրոններն իրենց հարցերն են լուծում, ռեգիոնում նոր դերաբաշխում է լինում, իսկ Հայաստանի իշխանությունը զուտ սպասում է` հասկանալու, թե ինչ կանեն իր հետ»,–ասվում է գրառման մեջ։
Օգոստոսի 8–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Առանձին հանդիպումներին կհաջորդի եռակողմ հանդիպումը։ Թրամփը հայտարարել է, թե Փաշինյանն ու Ալիևը պաշտոնապես խաղաղություն կկնքեն։ Ստորագրվելու են նաև այլ փաստաթղթեր։






