AM
8 Օգոստոս 2025 - 11:19 AMT

Բագրատ սրբազանի պաշտպան․ Իշխանություններն ուժայինների միջոցով քաղաքական ընդդիմադիր շարժում են կասեցրել

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը հայտարարել է, որ «իշխանություններն ուժայինների միջոցով քաղաքական ընդդիմադիր շարժում են կասեցրել»։

Խուդոյանը պարզաբանել է, որ գործի նյութերի ուսումնասիրությունից հետո առավել ամրապնդվել է դիրքորոշումը, թե ՔԿ հրապարակած ձայնագրություններում արտահայտված միտքերը եղել են բացառապես տեսական քննարկումներ՝ կապված պետության կառուցվածքի հետ, և որևէ առնչություն չեն ունեցել գործող իշխանության կամ դրա անդամների հետ, հայտնում է «Փաստինֆոն»։

«Հանրությանը հայտնի դարձած՝ ՔԿ տարածած ձայնագրություններն ակնհայտ մոնտաժված են, որովհետև դրանք տարբերվում են նաև նախաքննության ընթացքում մեզ տրամադրված նյութերի բովանդակությունից»,- ընդգծել է նա։

Փաստաբանը շեշտել է, որ մոնտաժն արվել է ոչ պրոֆեսիոնալ ձևով, իսկ հրապարակված նյութերն առավելապես քաղաքական քարոզչության բնույթ են կրել։ Պաշտպանական կողմը վստահություն չունի ձայնագրությունների օբյեկտիվության հարցում, սակայն անգամ դրանցում, նրա խոսքով, որևէ հակաօրինական կամ հակաիրավական տարր առկա չէ։ Խոսքը, ըստ էության, կազմակերպված փողոցային պայքար սկսելու մասին է, և, ինչպես նկատել է Խուդոյանը, իշխանությունները պարզապես ուժայինների միջոցով դադարեցրել են այն։

Դիտարկմանը, թե ցանկացած ընդդիմադիր գործունեություն կարող է որակվել ահաբեկչության նախապատրաստում, Խուդոյանը արձագանքել է․ «Այն շարժումը, որը մի քիչ հավանականություն ունի, որ կարող է խանգարել իշխանությանը, կարող է նման գործիքներով հակազդեցության արժանանալ»։

Նա նաև մատնանշել է, որ գործով անցնող անձինք ներկայացնում են տարբեր թիրախային խմբեր՝ հոգևորականներ, արցախցի պատգամավոր, զոհվածի հայր, երիտասարդ կին։ Խուդոյանը հիշեցրել է, որ ՔԿ-ի տարածած քարոզչական նյութերում հիշատակվել են այնպիսի անձանց անուններ, որոնք գործի հետ կապ չունեն, սակայն դրանց ներգրավումը, ըստ նրա, նպատակ է հետապնդում հետագայում շրջանակը լայնացնելու։ Օրինակ, նշվել են Իշխան Սաղաթելյանի, Լևոն Քոչարյանի, Սամվել Կարապետյանի անունները, ինչպես նաև փորձ է արվել տվյալներ ձևավորել ՀՀԿ-ի վերաբերյալ։

«Այսինքն՝ բոլորին փորձում են կապել մի թեմայի հետ, որն իրականում թեմա էլ չէ, այդպես քաղաքական շանտաժ անել, որ ինչ-որ պահի սա կարող է նաև նրանց վերաբերյալ»,- ասել է փաստաբանը։

Բագրատ Սրբազանի և մյուսների դեմ հարուցված քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարվել։ ՔԿ-ն հայտնել է, որ գործից 18 անձի վերաբերյալ մաս է անջատվել և ուղարկվել դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու վերաբերյալ։

Գործով 18 անձի մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության և իշխանության յուրացման նախապատրաստման հոդվածներով։ Նրանց թվում են՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը, Տավուշի թեմի մամուլի քարտուղար Լիդիա Մանթաշյանը, Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը, գնդապետ Միհրան Մախսուդյանը, Մովսես Շարբաթյանը, Արա Ռոստոմյանը, Աղվան Արշակյանը, բլոգեր Արմեն Ալեքսանյանը, Կարո Օկոմուշյանը, Տիգրան Թոփալյանը, գործարար Տիգրան Գալստյանը, Հրայր սարկավագ Հակոբյանը, Արսեն Ղազարյանը։ Ավելի ուշ նույն գործով կալանավորվել է նաև Արթուր Սարգսյանը։ Վերաքննիչ դատարանի որոշմամբ Հրայր սարկավագը հետագայում ազատ է արձակվել։