AM
8 Օգոստոս 2025 - 11:40 AMT

Աշխարհում տեսողության խանգարման կամ կուրության մոտ 2.2 մլրդ դեպք կա

Օգոստոսի 8-ին աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ հետխորհրդային տարածքի շատ պետություններում, նշվում է ակնաբույժի միջազգային օրը, որը սահմանվել է 2004 թվականին։ Տոնի գաղափարը ներկայացրել է ռուսաստանցի բժիշկ Թամազ Մչեդլիձեն՝ ի պատիվ ԽՍՀՄ և Ռուսաստանի ճանաչված ակնաբույժ Սվյատոսլավ Նիկոլաևիչ Ֆյոդորովի, ով ծնվել է այդ օրը, հայտնում է ԵՊԲՀ «Հերացի» կենտրոնը։

Սանկտ Պետերբուրգի բժշկական համալսարանի նախաձեռնությունը լայն աջակցություն է ստացել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Չեխիայի, ԱՄՆ-ի, Հունաստանի, Ուկրաինայի, Իտալիայի, Հունգարիայի և այլ երկրների մասնագետներից։ Այդպես էլ ձևավորվել է ավանդույթը՝ օգոստոսի 8-ին նշել ակնաբույժի օրը։

Ըստ մասնագիտական տվյալների, աշխարհում գրանցված է մոտ 2.2 միլիարդ տեսողության խանգարման կամ կուրության դեպք, որոնցից ավելի քան մեկ միլիարդը պայմանավորված է կանխարգելման կամ բուժման բացակայությամբ։ Շատ դեպքերում խնդիրները հանդիպում են 50-ից բարձր տարիքում, սակայն չեն շրջանցում նաև երիտասարդներին և երեխաներին։

Այս օրվա նպատակն է խրախուսել ակնաբույժներին շարունակաբար կատարելագործել իրենց հմտությունները և բարձրացնել հանրային իրազեկությունը տեսողական հիվանդությունների կանխարգելման հարցում։ Գիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդը ստացվող տեղեկատվության մոտ 90%-ը ընկալում է տեսողության միջոցով, իսկ դրա կորուստը էապես վատթարացնում է կյանքի որակը։

Տեսողության կորուստը ոչ միայն զրկում է մարդուն շրջապատող աշխարհը լիարժեք ընկալելու հնարավորությունից, այլ նաև սահմանափակում է նրա մասնագիտական և սոցիալական ակտիվությունը՝ առաջացնելով հոգեբանական խնդիրներ։ Տեսողական խանգարումները կարող են նաև փակել սիրելի աշխատանքով զբաղվելու հնարավորությունը։

«Առողջություն և առողջապահություն 2024» տարեգրքի տվյալներով՝ 2023 թվականին Հայաստանում արձանագրվել է 398 ակնաբույժ, ինչը կազմում է 1.72 մասնագետ՝ 10 հազար բնակչի հաշվով։ Նույն տարում գրանցվել է աչքի և դրա օժանդակ ապարատի հիվանդությունների 171,056 դեպք, որոնցից 126,026-ը՝ 15 և բարձր տարիքային խմբում, իսկ 45,030-ը՝ երեխաների մոտ։

«Հպարտությամբ պետք է նշենք, որ ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի կազմում գործող, ավելի քան 90-ամյա պատմություն ունեցող «Մարի Նուբար» ակնաբուժական կլինիկան, իր պրոֆեսիոնալ մասնագետներով, ոչ միայն գիտակլինիկական բժշկական կազմակերպություն է, որտեղ ուսումնասիրվում և բուժվում են ակնային հիվանդությունները, այլև տասնամյակներ շարունակ ակնաբույժների պատրաստման դարբնոց է: Հայաստանում ակնաբուժության առաջին ամբիոնը 1928թ.-ին բացվել է Հայկ Կանայանի ղեկավարությամբ, Երևանի Պետական Բժշկական ինստիտուտում։

Սրտանց շնորհավորում ենք բոլոր ակնաբույժներին մասնագիտական օրվա առթիվ»,- նշել են կենտրոնից։