ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտարարել է, որ շրջանառվող բոլոր պնդումները, թե Հայաստանը համաձայնվել է, կամ կհամաձայնվի այսպես կոչված «միջանցքային» լուծումների, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Բոլոր այն պնդումներն ու հրապարակումները, թե Հայաստանը համաձայնվել է, համաձայնվում է կամ կհամաձայնվի «միջանցքային» լուծումների, պարզապես իրականությանը չեն համապատասխանում։
Հայաստանի Հանրապետության մոտեցումները շատ հստակ եւ առանց տարընթերցումների հնարավորության վարչապետ Փաշինյանը ներկայացրել է ս/թ հուլիսի 16–ի իր ասուլիսում։
Որևէ այլ տրամաբանության մասին խոսք լինել չի կարող»,–ասվում է գրառման մեջ։
Օգոստոսի 8–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Առանձին հանդիպումներին կհաջորդի եռակողմ հանդիպումը։ Թրամփը հայտարարել է, թե Փաշինյանն ու Ալիևը պաշտոնապես խաղաղություն կկնքեն։ Ստորագրվելու են նաև այլ փաստաթղթեր։






