AM
8 Օգոստոս 2025 - 12:38 AMT

Գրիգորյան․ Ցանկացած ենթակառուցվածք, որը կանցնի ՀՀ տարածքով, գործելու է ՀՀ օրենսդրության համաձայն

Հայաստանի ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ շրջանառվող տեղեկությունները «միջանցքային» լուծման վերաբերյալ չեն համապատասխանում իրականությանը։

«Սուտ, կեղծիք ու մանիպուլյացիա է, թե Հայաստանը համաձայնել է կամ կհամաձայնի որևէ «միջանցքային» լուծման:

Ճշմարտությունն է.

Հայաստանը կգնա պայմանավորվածության, որը կներառի մշտապես մեր կողմից հրապարակային հնչած սկզբունքները, այն է՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության հիման վրա, փոխադարձության սկզբունքով ապաշրջափակում:

Այսինքն՝ ցանկացած ենթակառուցվածք, որը կանցնի ՀՀ տարածքով, գործելու է ՀՀ օրենսդրության համաձայն:

Նաև, փոխադարձությունը ենթադրում է, որ եթե բացվում են ճանապարհներ Ադրբեջանի համար, ապա բացվում են նաև Հայաստանի համար:

Շեշտում եմ, Հայաստանի տարածքով անցնող բոլոր ճանապարհները, այլ ենթակառուցվածքները գտնվելու են ՀՀ իրավազորության տակ, ՀՀ օրենսդրությանը լիարժեք համաձայն:

Ով ասում է հակառակը, կամ տեղեկացված չէ, կամ աշխատում է ընդդեմ Հայաստանի: Երրորդ տարբերակ չկա»։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն իր հերթին հայտարարել է, որ ապաշրջափակման վերաբերյալ իրենց հստակ սահմանած կարմիր գծերը շարունակելու են գործել։

«Ակնհայտ է, որ խաղաղության և ենթակառուցվածքների ապաշրջափակման դեմոնիզացման ընդդիմության փորձերն ապարդյուն են. ՀՀ քաղաքացիները գիտեն, որ

-ապաշրջափակման մասին մենք մեր հայտնած կարմիր գծերից չենք հրաժարվելու՝

-ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանում

-իրավազորության ու փոխադարձության սկզբունքի պահպանման հիմքով

Այն, ինչ իշխող մեծամասնությունը՝ վարչապետի գլխավորությամբ պնդել է, ուժի մեջ է մինչ օրս:

Իսկ ստի ու մարդկային ցավի կապիտալիզացման ընդդիմադիր գործիչների փորձերը պարզապես ջանքեր են՝ իրենց գինը բարձրացնելու և ռուս օլիգարխների նախընտրական ցուցակում հայտնվելու համար. ուշադրություն մի դարձրեք»,- հայտարարել է ՔՊ-ականը։

Օգոստոսի 8–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Առանձին հանդիպումներին կհաջորդի եռակողմ հանդիպումը։ Թրամփը հայտարարել է, թե Փաշինյանն ու Ալիևը պաշտոնապես խաղաղություն կկնքեն։ Ստորագրվելու են նաև այլ փաստաթղթեր։