AM
8 Օգոստոս 2025 - 12:49 AMT

Նորիկյան․ Ստացվում է, որ այդ ճանապարհից օգտվելու են բոլորը, բացի՝ ՀՀ քաղաքացիներից

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը, մեկնաբանելով Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև նախատեսվող երեք փաստաթղթերի՝ Մինսկի խմբից դուրս գալու, շրջանակային համաձայնագրի և TRIPP-ի մասին տեղեկությունները, որոնք հրապարակել է Factor.TV-ն՝ հղում անելով իր աղբյուրներին, նշել է, որ հետևում է բանակցություններին։

Ըստ նրա՝ ստացվում է, որ «այդ ճանապարհից օգտվելու են բոլորը, բացի՝ ՀՀ քաղաքացիներից», գրում է Aravot.am-ը։

«Ես ուշի ուշով հետևում եմ Հայաստան-Ադրբեջան-ԱՄՆ բանակցությունների ընթացքին, նաև տեղյակ եմ այդ հրապարակումից: Եթե իսկապես այդ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, դա նշանակում է, որ իրականում ՀՀ քաղաքացիները չեն կարողանալու օգտվել այդ ճանապարհից, որովհետև, ըստ այդ տեղեկությունների, այդ ճանապարհը ենթադրում է հաղորդակցություն Ադրբեջանի Հանրապետության, Նախիջևանի և Թուրքիայի միջև:

Ստացվում է, որ այդ ճանապարհից օգտվելու են բոլորը, բացի՝ ՀՀ քաղաքացիներից, որովհետև եթե այդ ճանապարհով մենք չենք կարողանալու տեղաշարժվել Ադրբեջանի տարածքով դեպի Կենտրոնական Ասիայի երկրներ, չենք կարողանալու Նախիջեւանի տարածքով օգտվել երկաթուղու հնարավորություններից, օրինակ՝ Մեղրի գնալու համար, ապա հարց է առաջանում՝ մենք այս իրավիճակում ինչո՞ւ ենք ճանապարհ տալիս Ադրբեջանին Նախիջևանի և Թուրքիայի միջև կապ հաստատելու համար, եթե Հայաստանը մնում է շրջափակված, եթե խաղաղության համաձայնագիր չի կնքվում, եթե Ադրբեջանը իր զորքերը չի հանում Հայաստանից, եթե մեկուկես տարի է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցը դոփում է տեղում…

Իհարկե, էս գործընթացը՝ Ամերիկայի առաջնորդությամբ, տարածաշրջանում ստեղծում է նոր անվտանգային ճարտարապետություն: Ըստ էության՝ ռեգիոնում ԱՄՆ առաջնորդության նախաձեռնություն է դրսևորվել, սա Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է: Միայն այն, որ Հայաստանի և Իրանի արանքում հայտնվում է ամերիկյան ներկայությունը, թեկուզ և համատեղ կոնսորցիումի մակարդակով ձևավորվելիք ինչ-որ կազմակերպությամբ, տարածաշրջանում նոր ստատուս-քվո է ձևավորվում»,–ասել է նա։

Նա ընդգծել է, որ եթե Հայաստանը շարունակում է մնալ շրջափակված և առանց խաղաղության պայմանագրի, նման նախագծերը կարող են ծառայել միայն այլ երկրների շահերին՝ փոխելով տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը։

Ընթերցեք նաև․ Factor TV. Վաշինգտոնում 3 փաստաթուղթ է ստորագրվելու՝ բացառիկ մանրամասներ են հայտնի