AM
8 Օգոստոս 2025 - 12:53 AMT

Ռուբինյան․ Եթե բացվում են ճանապարհներ Ադրբեջանի համար, բացվում են նաև Հայաստանի համար

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ապաշրջափակում իրականացվելու է փոխադարձության հիման վրա՝ եթե բացվում են ճանապարհներ Ադրբեջանի համար, բացվում են նաև Հայաստանի համար:

«Ցանկացած պայմանավորվածություն, որին կգնա Հայաստանը, ներառելու է.

Ապաշրջափակում ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հիման վրա, այսինքն մեր դեպքում Հայաստանով անցնող բոլոր ճանապարհներն ու ենթակառուցվածքները լինելու են մեր լիարժեք ինքնիշխանության և իրավազորության ներքո` մեր տարածքային ամբողջականության շրջանակներում, և ամեն ինչ գործելու է մեր օրենսդրության համաձայն:

Ապաշրջափակում փոխադարձության հիման վրա: Այսինքն եթե բացվում են ճանապարհներ Ադրբեջանի համար, բացվում են նաև Հայաստանի համար փոխադարձ առավելություններով: Սա է ճշմարտությունը: Դրսից ու դրսից հրահանգված ներսից հնչող վնգստոցներին ուշադրություն դարձնել պետք չէ: Իսկ անկեղծ մտահոգությունները, հավելյալ պաշտոնական տեղեկություններ լինելուց հետո, վստահաբար, կփարատվեն»,-գրել է նա։

Օգոստոսի 8–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Առանձին հանդիպումներին կհաջորդի եռակողմ հանդիպումը։ Թրամփը հայտարարել է, թե Փաշինյանն ու Ալիևը պաշտոնապես խաղաղություն կկնքեն։ Ստորագրվելու են նաև այլ փաստաթղթեր։