Իջևանի «ԻՋ Գրանդ Տեքստիլ» ընկերության հնդիկ աշխատակիցների գործադուլը շարունակվում է։ Աշխատակիցներն այսօր եկել են Հայաստանում Հնդկաստանի դեսպանատուն՝ իրենց խնդիրները ներկայացնելու։
Ընկերության տնօրեն Մհեր Միրզոյանը հայտնեց, որ իրենք նույնպես ներգրավված են բանակցություններին, հայտնում է «Փաստինֆոն»։
«Իրենք ստում են, ասում են, թե աշխատավարձերը չենք վճարել, իրականում մեզ մոտ ամեն բան գրանցված է, հակառակ դեպքում ամեն բան երևում է։ Այս պահին ընկերությունը կես հզորությամբ է աշխատում, միայն հայերն են աշխատում։ Իրականում հիմա մեծ պատվերներ ունենք ու ամեն օր մեծ ֆինանսական կորուստներ ենք ունենում։ Նրանք մտածում էին, որ եթե մեզ նման իրավիճակի մեջ դնեն ու շանտաժ անեն՝ մենք նրանց պահանջները կընդունենք, բայց ես ոչ մի լրացուցիչ պահանջ չեմ ընդունի։ Ով ուզում է աշխատել, թող մնա, ով չէ՝ իրենց որոշումն է։ Մենք պարտավոր չենք, եթե տոմսի խնդիր ունեն՝ կարող են մեկ ամիս էլ աշխատել՝ գումարով տոմս գնել գնալ»,– ասել է Միրզոյանը։
Նրա խոսքով՝ աշխատանքից որևէ մեկին չի ազատել։
«Մարդիկ գալիս են՝ լաց լինում, ասում են՝ Հնդկաստանում սոված երեխաներ ունեն, մարդ կա՝ ասում է՝ մեքենան է վաճառել, որ կարողանա գալ՝ աշխատել։ Իրենց չեմ մեղադրում, կազմակերպիչների խնդիրն է։ Մարդ կա՝ ասում է եկել եմ աշխատել, տուն չեմ ուզում գնալ, բունտավշկներն ասում են՝ չմիանաս՝ երեխեքիդ էնտեղ կվնասենք», — ասել է նա։
Միրզոյանը նաև ավելացրել է, որ հնչած սպառնալիքների մասին իրավապահները դեռ հետաքրքրություն չեն ցուցաբերել։
«Ճիշտն ասած՝ ես էլ հաղորդում չեմ ներկայացրել, բայց որ այսպես շարունակվի, բացառված չի, որ դիմեմ», — նշել է նա։
Օգոստոսի 6-ին ընկերության հնդիկ աշխատողները բողոքի ակցիա էին անցկացրել՝ փակելով Իջևան–Երևան մայրուղին։ Նրանք պահանջել էին աշխատավարձի 40 հազար դրամով բարձրացում, աշխատանքային ժամերի կրճատում, ինչպես նաև, որ ընկերությունը հոգա բժշկական վիրահատությունների ծախսերը և փոխհատուցի Հնդկաստան վերադառնալու տոմսերի արժեքը։ Ըստ տնօրենի՝ այս կետերը պայմանագրերում ներառված չեն։






