ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում Ադրբեջանի և ԱՄՆ-ի հետ եռակողմ հռչակագրի ստորագրումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ գերիների թեման քննարկվել ու բարձրացվել է բարձրագույն մակարդակով:
Նա նշել է, որ հումանիտար խնդիրներն ունեն բարդություններ՝ «եթե այդպես չլիներ՝ դրանք վաղուց լուծված կլինեին»։
«Մեր փաստաթղթերում դա արտահայտված չէ, բայց ուզում եմ իմանաք, որ շատ էական ու կարևոր խոսակցություններ են տեղի ունեցել նաև հումանիտար հարցերի հետ կապված։
Գերիների թեման քննարկվել ու բարձրացվել է բարձրագույն մակարդակով․ հիմա քննարկումների ու մանրամասների մեջ չեմ մտնի՝ հաշվի առնելով նախորդ փորձը։ Քննարկումների մասին մանրամասներ ձեռնպահ կմնամ ասել, քանի դեռ արդյունք չկա, իսկ այս պահին, ցավոք՝ նկատելի արդյունք չկա, բայց այն, որ մենք բարձրագույն մակարդակում այդ հարցերը բարձրացրել ենք, բարձրացնում ենք ու կբարձրացնենք, ակնհայտ է։
Հումանիտար հարցերն առանձին վերցրած լուծում չունեն, որովհետև այս պատմական առաջընթացը, որ արձանագրվել է, հենց դա է բերելու հումանիտար խնդիրների լուծմանը, որոնք ունեն բարդություններ, եթե այդպես չլիներ՝ դրանք վաղուց լուծված կլինեին»,–ասել է վարչապետը։
Նա հավելել է, որ հետևողական են լինելու այս խնդիրների լուծման հարցում։






