AM
9 Օգոստոս 2025 - 06:44 AMT

Միրզոյանն ու Բայրամովը Վաշինգտոնում նախաստորագրել են խաղաղության պայմանագիրը. Այն կհրապարակվի օգոստոսի 11–ին

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Վաշինգտոնում, Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների մասնակցությամբ, նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, համաձայնագրի նախաստորագրված տարբերակը նախատեսված է հրապարակել օգոստոսի 11-ի երեկոյան։

Նախարարները համատեղ դիմում են ստորագրել՝ ուղղված ԵԱՀԿ-ին, որը վերաբերում է Մինսկի խմբի աշխատանքների և հարակից կառույցների գործունեության դադարեցմանը։

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը X սոցիալական հարթակում հայտարարել է, որ սա հիրավի պատմական պահ է խաղաղության համար։

«Նշանակալի և խորհրդանշական օր Հայաստանի Հանրապետության, տարածաշրջանի և աշխարհի համար։ Այսօր մենք նաև հայտարարում ենք ավելի ամուր փոխկապակցվածության, բարօրության և մեր սերունդների համար ավելի լավ ապագայի մասին»,- գրել է նախարարը։

Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին: