AM
9 Օգոստոս 2025 - 07:07 AMT

Միրզոյանը և Ռուբիոն քննարկել են ռազմավարական գործընկերության հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Վաշինգտոնում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կարճատև հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։

Նրանք քննարկել են ռազմավարական գործընկերության հարցեր։ Այդ մասին Միրզոյանը գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Ոգևորված եմ մեր ռազմավարական համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ քննարկված ծրագրերով՝ կոնկրետ արդյունքներով»,– գրել է նա։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։