AM
9 Օգոստոս 2025 - 07:34 AMT

Փաշինյանն՝ ապաշրջափակման մասին․ Երևանը նույն բանաձևն էր առաջարկել ՌԴ-ին, ինչ ԱՄՆ-ին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում հայ լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ այն նույն բանաձևը, որի շուրջ Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը հասել են համաձայնության, Երևանը առաջարկել է նաև Ռուսաստանին։ Նա այդպես է պատասխանել այն հարցին, թե ինչու ռուսական միջնորդությամբ չի հաջողվել իրականացնել տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը։

«Հիշում եք, որ եռակողմ աշխատանքային խումբ կար, որը զբաղվում էր տարածաշրջանային կոմունիկացիաների հարցով։ Մենք այդտեղ միշտ պատրաստակամություն ենք հայտնել այս տրամաբանությամբ աշխատելու և մեզ համար այդպես էլ հասկանալի չդարձավ՝ ինչո՞ւ, այնուամենայնիվ, ուղղակի կամ անուղղակի ձևերով խոչընդոտվեց դա», — ընդգծել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։

Փաշինյանի խոսքով՝ դա տեղի չի ունեցել, որովհետև ՀՀ իշխանությունները տեսել են, որ գործընթացները փորձ է արվում տանել այն ուղղությամբ, որ ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և իրավազորությունը նսեմացվեն։

«Մենք դրան որևէ կերպ չէինք կարող համաձայնվել։ Որևէ մեկը չի կարող մեզ մեղադրել անկեղծ չլինելու մեջ, որովհետև մենք միշտ ասել ենք՝ դա մեզ համար կարմիր գիծ է։ Այս առումով իրադրության փոփոխությունն այն է, որ այսօրվա տեքստում այս ամենի մասին շատ ավելի բացված է գրված», — ասել է Փաշինյանը։

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը բազմիցս հայտարարել է, որ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին խոսելիս ոչ ոք կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխանությունը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման աշխատանքային խմբում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը կանգ է առել արևմտյան երկրների ապակառուցողական ազդեցության և հայկական իշխանությունների անհասկանալի դիրքորոշման պատճառով։

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի և Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի վերջին նիստը տեղի է ունեցել 2023 թվականի հունիսի 2-ին Մոսկվայում։