Հայաստանի, ԱՄՆ–ի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում ստորագրված եռակողմ փաստաթղթով Հայաստանը Ռուսաստանի հետ երկաթուղային կապ է ստանում, որը 30 տարի չի ունեցել։ Այս մասին ասուլիսում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ ԱՄՆ–ում ստորագրված փաստաթուղթը Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների վրա, հայտնում է Sputnik Արմենիան։
Հարցն առաջացել է այն մտահոգությունների ֆոնին, որ փաստաթղթով նախատեսվող «Թրամփի ուղին» կարող է վնասել Ռուսաստանի և Իրանի լոգիստիկ շահերին տարածաշրջանում, ինչպես նաև նվազեցնել Չինաստանի դերակատարությունը Ասիա–Եվրոպա առևտրային հոսքերում։
«Այս տրամաբանության մեջ այդ երկաթուղային կապը կարող ենք ստանալ և՛ տրիպով, և՛ առանց տրիպի, որովհետև կարող է երկաթուղային կապ լինել Վրաստան–Ադրբեջան։ Կարող է լինել երկաթուղային կապ ինչ–որ մի սցենարով։ Եկեք չմոռանանք, որ այս պահին գոյություն ունեցող երկաթուղային ուղիները գտնվում են Ռուսաստանի կառավարման ներքո, և գուցե հետաքրքրություն առաջանա Ռուսաստանի համար ներդրում իրականացնել Իջևան–Հրազդան, Իջևան –Ղազախ երկաթուղին վերականգնելու մասով»,– ասել է Փաշինյանը։
Վարչապետը շեշտել է, որ նման նախագծի իրականացման համար անհրաժեշտ է նաև Ադրբեջանի համաձայնությունը։
«Եվ եկեք տեսնենք, որ մենք երկաթուղային կապ ենք ստանում նաև Իրանի հետ, որը էլի շատ կարևոր է և մենք չենք ունեցել։ Մենք երկաթուղային կապ ենք ստանում Կենտրոնական Ասիայի հետ, իհարկե նաև լաստանավային սցենարով։ Այդ թվում Չինաստանն է ստանում նոր երկաթուղային ճանապարհ դեպի Արևմուտք, որն այս պահին չունի։ Ուստի շատ էական է, թե հարցին, որ դիտանկյունից նայենք»,–ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ կան մեկնաբանություններ, որ այս փաստաթուղթը կարող է խնդիրներ առաջացնել Ռուսաստանի կամ Իրանի շահերի համար, սակայն նույն նախագիծը հնարավորություն է ստեղծում տնտեսական համագործակցություն սկսելու ինչպես Իրանի և ԱՄՆ–ի, այնպես էլ Ռուսաստանի և ԱՄՆ–ի միջև։
«Այսօր եկեք չմոռանանք, որ Իրանի ընկերությունն իրականացնում է Հյուսիս – հարավ ավտոճանապարհի կառուցումը , առաջիկայում մենք կսկսենք երկաթուղու կառուցումը Մեղրիի հատվածում, և դա կարող է գործակցության լավ հնարավորություն բացել։ Երասխ–Ախուրիկ երկաթուղու վերագործարկման հնարավորություն կարող է բացվել»,–ասել է վարչապետը։
Փաշինյանը հավելել է, որ նախագիծը կարող է դառնալ անսպասելի, բայց դրական գործընկերության հարթակ, և «Խաղաղության խաչմերուկը» իրագործում կստանա, քանի որ նույնիսկ հակասություններ ունեցող երկրները հնարավորություն կստանան համագործակցել Հայաստանի և ամբողջ Հարավային Կովկասի տարածքում։
Վաշինգտոնում ՀՀ, Աադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնության են եկել «Թրամփի երթուղին» գործարկելու շուրջ։
«Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, ժամկետը կարող է մինչև 99 տարով երկարաձգվել, խոստացել են 99 տարուց հետո էլ երկարաձգել 99 տարով։ Ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում, ամերիկյան ընկերություններն անհամբեր սպասում են՝ մուտք գործելու այս երկրներ և մեծ գումարներ ծախսելու, ինչը տնտեսական օգուտներ կբերի մեր երեք պետություններին»,–ասել է Թրամփը։






