Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատմական իրադարձություն է անվանել Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման արդյունքում ստորագրված փաստաթղթերը։
«Այսօր մենք կարող ենք ասել, որ խաղաղությունը հաստատված է, ընդ որում՝ հաստատված է մեր երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու իրավազորության շրջանակներում»,– ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։
Վարչապետը ընդգծել է, որ Հայաստանն արդեն ապաշրջափակվում է։
«Մի դարակազմիկ իրադարձություն, Հայաստանին միլիարդների օգուտ է լինելու, որը բերելու է անվտանգության նոր շերտ»,– ասել է նա։
«Մենք իրար հետ դժոխքի միջով ենք անցել, ես համոզված եմ, որ տեղի կունենա ՀՀ բոլոր քաղաքացիների համախմբումը խաղաղության օրակարգի շուրջ, որը կլինի ոչ պակաս կարևոր հեղափոխություն մեր երկրի ապագայի տեսակետից։ Փա՛ռք նահատակներին, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,– հավելել է Փաշինյանը։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։






