Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Վաշինգտոնում կայացած ՀՀ, ԱՄՆ և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի հանդիպմանը, ինչպես նաև այնտեղ ստորագրված փաստաթղթերին, իր գրառմամբ ընդգծել է, որ դրանց բովանդակությունը միակողմանիորեն ձեռնտու է Ադրբեջանին։
Ըստ նրա՝ «Ադրբեջանը ստացավ իր պահանջածը, Հայաստանը՝ հերթական թղթի կտոր»
«Ադրբեջանը ստացավ ՀՀ տարածքով անխափան երթևեկություն, Հայաստանը Ադրբեջանի տարածքով՝ ոչ։
Ադրբեջանը ստացավ ԱՄՆ-ից ռազմական օգնության սահմանափակման վերացում, Հայաստանը գերիների վերադարձի երաշխիք՝ ոչ։
Ադրբեջանը ստացավ Մինսկի խմբի լուծարում, Հայաստանը արցախցիների իրենց տներ վերադարձի երաշխիք՝ ոչ։
Ադրբեջանը ստացավ իր պահանջածը, Հայաստանը՝ հերթական թղթի կտոր, որը Ադրբեջանը նույնիսկ նոյեմբերի 9-ի փաստաթղթի պես խախտելու կարիք էլ չի ունենա, որովհետև չկան էլ հայանպաստ կետեր, որ խախտի։
ՔՊ-ականների պաթոսախեղդ «հաղթելու ենք» կենացները այ հենց դրա մասին են։ Ամենավախենալուն ա, երբ միաբերան սկսում են խաղաղությունից խոսել։ Ուրեմն գործներս բուրդ ա»։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։






