AM
9 Օգոստոս 2025 - 08:56 AMT

Շարմազանովը՝ Թրամփին․ Արցախում էթնիկ զտման հեղինակները երբեք ՀՀ ու հայ ժողովրդի համար ընկերներ չեն կարող հռչակվել

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում, դիմելով ԱՄՆ նախագահին, հայտարարել է, որ «Արցախում էթնիկ զտման հեղինակները երբեք ՀՀ ու հայ ժողովրդի համար ընկերներ չեն կարող հռչակվել»:

«Խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի մասին՝ ԱՄՆ նախագահ Թրամփն ասում է.«35 տարի է՝ իրենք կռվել են, իսկ հիմա ընկերներ են ու ընկերներ են լինելու երկար ժամանակ»։

Պարոն նախագահ Թրամփ, Հայաստանում միայն կապիտուլյացիայի ջատագովն ու Արցախ հանձնողը կարող է Ադրբեջանին ընկեր համարել։

Արցախի օկուպացիայից ու հայաթափումից հետո միայն քաղաքական անմեղսունակության կրողը կարող է Ադրբեջանի «ընկեր» հռչակվել։

Պարոն Թրամփ, Արցախում էթնիկ զտում իրականացնողները չեն կարող հայ ժողովրդի ու Հայաստանի ընկեր հռչակվել։

Երբ Ադրբեջանն է ցնծում՝ հասկանալի է. նրանք առանց որևէ պարտավորության իրենց ուզածը ստանում են։

Բայց դուք՝ նիկոլականներ ու արևմտամոլներ, դուք ինչո՞ւ եք տենց երջանիկ։

Ո՞ր ուրացաք Եռաբլուրը, թե՞ որ թաղում եք Երրորդ Հանրապետությունը ու Հայաստանը դարձնում եք դրա խալխի համար միջանցք»,-գրել է նա։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։