AM
9 Օգոստոս 2025 - 10:06 AMT

Գրիգորյան․ Ենթադրում եմ՝ Իրանի կողմից աջակցություն կլինի ապաշրջափակմանը

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով Վաշինգտոնում ստորագրված եռակողմ փաստաթղթերին, ասել է, որ «Թրամփի ուղու» մասին խոսելիս չի կարող միջանցքային տրամաբանություն լինել, որովհետև եռակողմ հռչակագրում նշվում է, որ ապաշրջափակումը տարածաշրջանում տեղի է ունենալու ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության, ինչպես նաև փոխադարձության սկզբունքի հիման վրա: Այդ մասին նա ասել է ԱՄՆ-ում Հ1-ի հետ զրույցում, հայտնում է Factor.am-ը։

Խոսելով Իրանի հնարավոր արձագանքի մասին՝ ԱԽ քարտուղարն ասել է, որ ենթադրում է՝ Իրանի կողմից աջակցություն կլինի ապաշրջափակմանը։

«Տարածաշրջանի ապաշրջափակումը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից, երկրորդ կարծիք լինել չի կարող։ Իրանը տեղյակ է եղել, որ Հայաստանը պատրաստ է վերոհիշյալ հիմունքների շրջանակներում իրականացնել ապաշրջափակում։ Ենթադրում եմ, որ Իրանի կողմից աջակցություն կլինի ապաշրջափակմանը»,- ասել է Արմեն Գրիգորյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է հայ-ամերիկյան և հայ-ադրբեջանական համաձայնություններին։

Իրանի ԱԳՆ–ն հայտարարել է, որ Իրանն ուշադրությամբ հետևում է Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և կապի մեջ է Ադրբեջանի և Հայաստանի հետ։

Իրանը խաղաղության պայմանագրի նախաստորագրումը գնահատել էմ է որպես կարևոր քայլ, և միևնույն ժամանակ «մտահոգություն ենք հայտնում ցանկացած օտարերկրյա միջամտության բացասական հետևանքների վերաբերյալ»։