AM
9 Օգոստոս 2025 - 10:16 AMT

Վարչապետ. Այնտեղ, որտեղ մեր վերահսկողության ներքո ունենք մեզ չպատկանող տարածքներ՝ պետք է վերադարձնենք Ադրբեջանին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հարցին՝ արդյոք Բաքուն հստակեցրել է, թե ի՞նչ սահմաններով է ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և ե՞րբ են պատրաստվում իրենց զորքերը դուրս բերել Հայաստանի ինքնիշխան տարածքից։

Վերոնշյալ հարցին ի պատախան Նիկոլ Փաշինյանը հղում է կատարել Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրի 5-րդ կետին, հայտնում է Արմենպրեսը։

«Մենք ընդունում ենք անցյալի հակամարտությամբ չկանխորոշված, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանն ու 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին համապատասխան պայծառ ապագայի ուղի նախանշելու անհրաժեշտությունը։ Մարդկային անասելի տառապանքներ պատճառած հակամարտությունից հետո մեր ժողովուրդների համար ստեղծվել են վերջապես բարիդրացիական հարաբերություններ սկսելու պայմաններ՝ հիմնված միջազգային սահմանների անքակտելիության և տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքների վրա։ Այս իրողությունը, որը ենթակա չէ և երբեք չպետք է ենթակա լինի վերանայման, ճանապարհ է հարթում մեր երկու ժողովուրդների միջև թշնամանքի էջը փակելու համար։ Մենք վճռականորեն մերժում և բացառում ենք վրեժխնդրության ցանկացած փորձ ներկայում և ապագայում»,- մեջբերեց ՀՀ վարչապետը օգոստոսի 8-ին ստորագրված եռակողմ հռչակագրից՝ հիշեցնելով, որ 1991 թվականի Ալմաթիի հռչակագրում նշվում է՝ Խորհրդային Հայաստանի տարածքը ճշգրիտ նույնական է անկախ Հայաստանի տարածքի հետ և Խորհրդային Ադրբեջանի տարածքը ճշգրիտ նույնական՝ անկախ Ադրբեջանի տարածքի հետ։

Վարչապետի խոսքով՝ հարցի լուծումը սահմանազատման գործընթացի շարունակությունն է։ Կա նաև երկրորդ տարբերակ՝ հանրաքվեն, որը, սակայն, առավել բարդացնում է գործընթացը։

«Կան տարածքներ, որոնք, ըստ տրամաբանության, պատկանում են Հայաստանին, բայց գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Բայց նաև պետք է ասենք, որ կան տարածքներ, որոնք, ըստ տրամաբանության, պատկանում են Ադրբեջանին, բայց գտնվում են Հայաստանի վերահսկողության ներքո։ Պետք է սահմանազատման պրոցեսը շարունակվի և այնտեղ, որտեղ մենք մեր վերահսկողության ներքո ունենք մեզ չպատկանող տարածքներ՝ պետք է վերադարձնենք Ադրբեջանին, և որտեղ Ադրբեջանն ունի իր վերահսկողության տակ գտնվող, բայց իրեն չպատկանող տարածքներ՝ պետք է վերադարձնի մեզ։

Կամ, կրկին համարժեքության սկզբունքի հիման վրա, օրինակ՝ հանրաքվեի միջոցով, որոշակի տարածքների փոխանակում պետք է իրականացվի այն տրամաբանությամբ, որ Հայաստանի 29 հազար 743 քառակուսի կիլոմետրն անխախտելի մնա, նույնն էլ՝ Ադրբեջանի տարածքը։ Պետք է տարածքների ճշգրիտ չափերը վերականգնվեն։ Բայց երկրորդ պարագայում պետք է լինի հանրաքվեով, ինչը բավականին բարդացնում է գործընթացը»,- նկատել է Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ գործը երկրորդ տարբերակին չի հասնի։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։