AM
9 Օգոստոս 2025 - 10:24 AMT

Հովհաննիսյան․ Բաքուն օգտվելու է նոր փաստաթղթի թե իրականացման, թե տապալման սցենարից

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի TRIPP ծրագրի իրականացումը լինելու է երկարատև և բարդ գործընթաց, իսկ չիրագործվելու հավանականությունը ևս մեծ է։ Նրա խոսքով, Ադրբեջանն օգտվելու է թե՛ իրականացման, թե՛ տապալման սցենարներից։

«Ինչ կատարվեց երեկ և ինչ է պետք անել. այս հարցերին ճիշտ պատասխանելու համար պետք է մեր մտածողության հորիզոնը լինի ավելին, քան` Նիկոլի թեման։ Նրա վրա սևեռվելը հիմա խանգարելու է ճիշտ հասկանալ նոր իրականությունը։

Ըստ այդմ.

1.Թրամփի TRIPP-ի իմպլեմենտացիան լինելու է շատ դժվար և երկարատև պրոցես, մեծ է հավանականությունը, որ այն ընդհանրապես չլինի, բայց սա արդեն երկսայր իրավիճակ է, որովհետև Ադրբեջանն օգտվելու է թե՛ իրականացման, թե՛ տապալման սցենարներից։

2.Ալիևը մինչև վերջ պնդելու է միջանցքային տրամաբանությունը. ճանապարհներինոչ մի հայ, ոչ մի սահմանապահ և այլն, և դա չստանալը ռազմական ներխուժման համար “լեգիտիմ” իրավունք է համարելու։

3.Ալիևը ստացավ նոր դիրքային առավելություն լուծարել Մինսկի խումբը, ֆիքսել անխոչընդոտ ճանապարհը միջազգային փաստաթղթով։

4.Ալիևը պնդելու է իր բոլոր նախապայմանների վրաադրբեջանցիների վերադարձ, Սահմանադրության փոփոխություն և այլն։

5.Ադրբեջանը Հայաստանի համար չի բացելու իր ճանապարհները, շարունակելու է շրջափակումը, չի տալու գործող, իրական կոմունիկացիաներ։

6.Ադրբեջանը չի լքելու ՀՀ տարածքը, այդ թվում Ջերմուկի վրա նստած դիրքերը։

7.Միառժամանակ էապես դժվարանում է արցախցիների վերադարձի և իրավունքների պաշտպանության թեման։

8.Նիկոլը կարող է գնալ արագ արտահերթ ընտրությունների, քանի որ շատ լավ հասկանում է, որ այս թղթային “էյֆորիան” երկար կյանք չի ունենալու։

9.Շատ կարևոր է ընդդիմադիր, համակարգաստեղծ ուժերի ճիշտ դիրքորոշումը և ճիշտ հռետորաբանությունը` այսօրվանից սկսած (վստահաբար` համակարգաստեղծ ուժերը երկուսից ավելին են լինելու)։ Ըստ այդմ. ա. Անհրաժեշտ է ողջունել Միացյալ Նահանգների և նրա նախագահի ջանքերը տարածաշրջանում խաղաղության և կայունության գործում։ բ. Ֆիքսել նոր ձևավորվող մարտահրավերները և ԱՄՆ բարի ցանկությունների Չիրականացման ռիսկերը։ գ. Պատրաստակամություն հայտնել շարունակելու աշխատանքները խաղաղության և կայունության գործում, այդ թվում` Վաշինգտոնում ֆիքսված մոտեցումները հաշվի առնելով։

10.Համակարգաստեղծ ընդդիմադիր ուժերը պետք է հրապարակայնորեն արձանագրեն մտահոգությունն առ այն, որ Նիկոլը չի պահելու նաև վաշինգտոնյան պայմանավորվածությունները, որ սա նրա համար միայն նախընտրական մանևրի պրոցես է, այնպես, ինչպես նա արել է նոյեմբերի 9-ի հայտարարության պարագայում։ Այստեղ կարևոր է արձանագրել նաև, որ Նիկոլն ունի հանրային վստահության պատմական ամենացածր վարկանիշը և չի կարող վստահելի համարվել ո՛չ երկրի ներսում, ո՛չ էլ դրսում։

11.Պայմանավորվածությունների պահպանման և ռեգիոնում իրական խաղաղության համար Հայաստանում պետք են նոր իշխանություններ, որոնք կունենան իրական մանդատ` ներքին համերաշխության պայմաններում գնալու բարդ լուծումների։

12.Տարածաշրջանում ստեղծվող նոր իրականության պայմաններում կտրուկ մեծանում է թուրքական էքսպանսիայի հավանականությունը և աճում է նրա ազդեցությունը Հայաստանի վրա։ Դա մենք զգալու ենք ներքին տնտեսական կյանքում, ներքին քաղաքական կյանքում, ընդհուպ մինչև կենցաղ»,–ասվում է հրապարակման մեջ։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։