ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, անդրադառնալով Վաշինգտոնում ՀՀ, ԱՄՆ և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի, Դոնալդ Թրամփի, Իլհամ Ալիև հանդիպմանն ու ստորագրված փաստաթղթերին, նշել է, որ ստորագրված փաստաթղթերը չունեն վերջնական իրավական ուժ։
Նա հավելել է, որ «Փաշինյանի վերարտադրություն և Սահմանադրության փոփոխություն թույլ չտալով՝ կարող ենք խուսափել աղետից»։
«Ի՞նչ ստացավ Ադրբեջանը Վաշինգտոնի եռակողմ բանակցություններից.
- ստացավ ՀՀ համաձայնությունը` լուծարելու ԵԱՀԿ Մինսկի խումբը, դրանով փորձելով արձանագրել, որ ԼՂՀ հակամարտություն գոյություն չունի,
- կասեցվեց Ադրբեջանի դեմ գործող 907-րդ բանաձեւը, որը սահմանափակում էր ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական օժանդակությունը,
- Հայաստանը պարտավորվեց իր տարածքով ապահովել անխոչընդոտ կապ Ադրբեջանի և Նախիջևանի միջև և դրանով «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը մտավ միջազգային օրակարգ։
Ի՞նչ չստացավ Հայաստանը.
- Ադրբեջանի զորքերը դուրս չբերվեցին ՀՀ ինքնիշխան տարածքից,
- գերիները շարունակելու են մնալ պատանդառված Բաքվի բանտերում,
- արցախահայերի վերադարձի հարցը չշոշափվեց, ավելին, Փաշինյանը հերթական անգամ լեգիտիմացրեց Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումը։
Այս ամենի դիմաց Հայաստանը ստացավ.
- մինչ այս պահը գաղտնի պահվող, նախապայմաններով ու շանտաժներով լեցուն «Խաղաղության» պայմանագրի նախաստորագրում, Թրամփի խոստում. եթե խնդիրներ ունենաք զանգեք, կլուծեմ,
- Հայաստանը ներքաշվեց խորքային խնդիրների մեջ Իրանի և ՌԴ-ի հետ՝ իրենց բոլոր հետևանքներով։
Ի՞նչ ստացավ Նիկոլ Փաշինյանը.
- ժողովրդին կրկին խաբելու, «խաղաղության» և «իրական Հայաստան» թեզերով կերակրելով՝ իր վերարտադրությունը ապահովելու հնարավորություն»,–ասվում է գրառման մեջ։
Սաղաթելյանն անդրադարձել է նաև անելիքներին։
«Փաստ է, որ Ադրբեջանը նոր զիջումներով չի բավարարվել, ստորագրումից անմիջապես հետո առաջ է քաշում ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջը, իսկ Փաշինյանը հայտարարում է, որ ՀՀ տիրապետության տակ կան ադրբեջանական տարածքներ, որոնք պետք է վերադարձվեն։
Ուստի, Վաշինգտոնի գագաթնաժողովով գործընթացը չի ավարտվել, սա ընդամենը սկիզբն է, ամեն ինչ դեռ առջևում է։
Հուսալքությունը թշնամական օրակարգ է, պայքարից հրաժարվելը կամ համակերպվելը` երաշխավորված կործանում։
Ուրեմն, ներընդդիմադիր դաշտում մեղավորներ փնտրելու, իրար վրա ցեխ շպրտելու փոխարեն պետք է գրագետ և հետևողական աշխատել մեր ժողովրդի հետ, ներկայացնել իրականությունը և թույլ չտալ, որ ՔՊ-ական խունտան իր հերթական դավաճանությունը ժողովրդին մատուցի իբրև ձեռքբերում:
Երեկ ստորագրված փաստաթղթերը չունեն վերջնական իրավական ուժ, Փաշինյանի վերարտադրությունը կանխելու և ՀՀ Սահմանադրության փոփոխությունը թույլ չտալու միջոցով մենք կարող ենք խուսափել սպասվող աղետից: Ուստի, դա պետք է լինի առաջիկայում ազգային ուժերի հիմնական օրակարգը»,–գրել է պատգամավորը։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։






