AM
9 Օգոստոս 2025 - 12:20 AMT

Մարության․ Կարևոր է գիտակցել, որ տվյալ պահին դժվար կլիներ պատկերացնել մեզ համար ավելի բարենպաստ լուծում

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Նոր ուժ» կուսակցության հայտարարությունը, որտեղ ասվում է, որ վերջին վեց տարում գործող իշխանությունների անկայուն արտաքին քաղաքականությունն արդեն բերել է լուրջ վնասներ և էականորեն փոխել է Հայաստանի դիրքերը տարածաշրջանում։

«Ավելորդ է ասել, որ 2020-ի օգոստոսին Հայաստանը հակամարտությունը կառավարելու և երկարաժամկետ, արժանապատիվ ու ապահով լուծման տանելու անհամեմատ ավելի մեծ հնարավորություններ ուներ, քան 2025-ի օգոստոսին։

Այսքանով հանդերձ, նախորդ գիշեր Վաշինգտոնում կայացած ԱՄՆ-ի, Հայաստանի, և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքները պետք է գնահատել իրատեսական դիրքերից՝ առանց ավելորդ վախճանաբանության ու առանց ավելորդ ոգևորության։

Կարևոր է գիտակցել, որ տվյալ պահին դժվար կլիներ պատկերացնել մեզ համար ավելի բարենպաստ լուծում, քան այն, ինչ ձեռք բերվեց արևմտյան գործընկերների մասնակցության շնորհիվ։ Առնվազն միջնաժամկետ հեռանկարում այն մեզ նոր պատերազմից խուսափելու և տնտեսական զարգացման հնարավորություն է տալիս։ Շեշտենք՝ հնարավորություն, բայց ոչ երաշխիք։

Նախաստորագրված համաձայնագիրն Ադրբեջանի հետ, ինչպես նաև՝ ԱՄՆ հետ ստորագրված փաստաթղթերը դրական արդյունք կարող են ապահովել բացառապես այն դեպքում, երբ պետությունը հաշվարկված ու հետևողական քաղաքականություն վարի՝ դուրս գալով անցած տարիների վայրիվերումների շրջապտույտից։

Անհրաժեշտ է հարթ և կանխատեսելի հարաբերություններ պահել տարածաշրջանային բոլոր գործընկերների հետ, իսկ ներքին քաղաքականության մեջ՝ վերադառնալ դեմոկրատական զարգացման ուղի՝ բացառելով քաղաքական հետապնդումներն ու ազատ խոսքի դեմ ոտնձգությունները»,–ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ «Նոր Ուժ» ռեֆորմիստների կուսակցությունը Հայաստանի քաղաքական գործընթացներին ակտիվ մասնակցությամբ իր ավանդը կներդնի՝ հանուն Հայաստանի պետականության ամրապնդման, դեմոկրատական զարգացման և ժողովրդի բարեկեցության։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։