ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, անդրադառնալով Վաշինգտոնում նախօրեին կայացած Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպմանն ու ստորագրված փաստաթղթերին, նշել է, որ ստորագրված փաստաթղթերը բերում են ծանր հետևանքների։
«Չկա Ղարաբաղ, չկա Լաչինի միջանցք, Ղարաբաղում չկա հայություն, Ադրբեջանը ստանում է անխափան կապ Նախիջևանի հետ»,-ասել է նա տեսաուղերձում, հայտնում է Panorama.am-ը։
Անդրադառնալով «Թրամփի երթուղուն»՝ Օսկանյանը շեշտել է դրա վտանգավորությունը Հայաստանի սուվերենության համար։
«Փաստորեն, Հայաստանի մի կարևոր հատված 99 տարով Հայաստանի կառավարությունը հանձնում է այլ երկրի տնօրինությանը, որտեղ Ադրբեջանն անխափան կարող է այդ ճանապարհը, այդ միջանցքն օգտագործել, սա չլսված բան է, հակասահմանադրական է, ուղղակի չի կարող տեղի ունենալ։ Երկու կարծիք չի կարող լինել։ Չլսված բան է, որ քո երկրի ամենակարևոր ստրատեգիական մի հատվածը տաս մի այլ երկրի տնօրինության, որը գիտես՝ ինչի համար է օգտագործելու»,-ասում է Օսկանյանը։
Նրա խոսքով՝ կա առանցքային հարց, որի պատասխանը հստակ չէ՝ ինչո՞ւ Ադրբեջանը չստորագրեց Խաղաղության պայմանագիրը
«Մի շատ կարևոր հարց կա։ Ինչո՞ւ Ադրբեջանը չստորագրեց Խաղաղության պայմանագիրը։ Ալիևը չստորագրեց, բայց ստացավ ԵԱՀԿ Մինսկի խմբի չեղարկում, ստացավ անխափան միջանցք և ստացավ Հայաստանի անվերապահ խոստումը, որ հետ չի կարող կագնել առ այսօր ձեռք բերված պայմանավորվածություններից, որոնք տեղ են գտել խաղաղության պայմանագրում։ Ինքը՝ Ադրբեջանը, այդ բոլորը ստանալուց հետո, թերևս չստորագրեց»,- նշել է է Օսկանյանը։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։






