Օգոստոսի 8-ին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։
Նախարար Սարգսյանը ներկայացրել է ՆԳ նախարարության ձեռնարկած քայլերը վիզաների ազատականացման ուղղությամբ՝ շեշտելով կենսաչափական համակարգի ներդրման և ոստիկանության բարեփոխումների շարունակական աշխատանքները։
Մարագոսը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և կարևորել է արդեն կայացած արդյունավետ համագործակցությունը, որն, ըստ նրա, տալիս է տեսանելի արդյունքներ։ Նա անդրադարձ է կատարել գործողությունների ծրագրի շրջանակում ԵՄ-ի կողմից կատարվող նախաձեռնություններին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ապագա համատեղ ծրագրերը, բարձր մակարդակի հանդիպումների կազմակերպման հնարավորությունները, ինչպես նաև ԵՄ անդամ երկրների հետ վիզաների ազատականացման ոլորտում փոխգործակցության խորացումը։ Քննարկվել են սահմանների կառավարման բարեփոխումները, ՀՀ քաղաքացիության ինստիտուտի հետ կապված հարցերը, կոռուպցիայի և թրաֆիքինգի դեմ պայքարի միջոցառումները։
Նրանք անդրադարձել են նաև հանցավորության դեմ պայքարում ԵՄ աջակցությանը, հանցավորության վերաբերյալ հուսալի վիճակագրության ներդրման աշխատանքներին, ինչպես նաև Եվրոպոլի և Ֆրոնտեքսի հետ համագործակցության ընդլայնմանը։
Մարտի 26-ին Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծին։ Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն էր տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Սակայն ԵՄ-ն դեռևս պաշտոնական հրավեր չի ուղղել Հայաստանին՝ անդամակցության վերաբերյալ, իսկ ընդդիմադիր ուժերը փաստաթուղթը անվանել են իրավական առումով անհեթեթ։ ՀՀ նախագահը ստորագրել է օրենքը։
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ևս հայտարարել է, որ Հայաստանը չի կարող «նստել երկու աթոռի վրա» և ստիպված է լինելու ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև։






