AM
9 Օգոստոս 2025 - 12:53 AMT

Մարուքյան․ ՀՀ տարածքում Ադրբեջանին պատկանող ոչ մի մետր հող չկա

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ վերջին հայտարարությունները վկայում են հնարավոր նոր միակողմանի զիջումների մասին։

Նա գրել է, որ ՀՀ տարածքում Ադրբեջանին պատկանող ոչ մի մետր հող չկա:

«Հայաստանը, այսպես կոչված, «չորս գյուղերը» վերադարձրեց Ադրբեջանին, սակայն դրա դիմաց Ադրբեջանը չլքեց Հայաստանի ինքնիշխան տարածքը և չվերադարձրեց իր կողմից օկուպացված տարածքները։ Այժմ Փաշինյանը կրկին հայտարարում է, որ «կան տարածքներ, որոնք պատկանում են Ադրբեջանին, բայց գտնվում են մեր վերահսկողության տակ»։

Սա ենթադրում է նոր «տարածքների» միակողմանի զիջում։

Պնդում եմ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում Ադրբեջանին պատկանող ոչ մի մետր հող չկա, մինչդեռ ադրբեջանական զինված ուժերը հենց այս պահին օկուպացված են պահում մեզ պատկանող տասնյակ կիլոմետրեր», – գրել է նա։

Փաշինյանն ասել է․ «Կան տարածքներ, որոնք, ըստ տրամաբանության, պատկանում են Հայաստանին, բայց գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Բայց նաև պետք է ասենք, որ կան տարածքներ, որոնք, ըստ տրամաբանության, պատկանում են Ադրբեջանին, բայց գտնվում են Հայաստանի վերահսկողության ներքո։ Պետք է սահմանազատման պրոցեսը շարունակվի և այնտեղ, որտեղ մենք մեր վերահսկողության ներքո ունենք մեզ չպատկանող տարածքներ՝ պետք է վերադարձնենք Ադրբեջանին, և որտեղ Ադրբեջանն ունի իր վերահսկողության տակ գտնվող, բայց իրեն չպատկանող տարածքներ՝ պետք է վերադարձնի մեզ»։