ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում հայտարարել է, որ աջակցություն կցուցաբերի ադրբեջանական բանտերում պահվող 23 հայ գերիների ազատ արձակման հարցում:Այդ մասին Թրամփն ասել է Սպիտակ տանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:
«Դուք 23 քրիստոնյաների մասի՞ն եք խոսում։ Ես պատրաստվում եմ խնդրել նրան (խմբ. հավանաբար նկատի ունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին), որ դա անի։ Կարծում եմ՝ նրանք կանեն դա ինձ համար: Սա կարևոր է, այնպե՞ս չէ»,-ասել է Թրամփը, հայտնում է Արմենպրեսը։
Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, արձագանքելով այն պնդումներին, թե Փաշինյանը Վաշինգտոնում դեմ է արտահայտվել գերիների կամ նրանց մի մասի վերադարձին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը հարցը քննարկման առարկա է դարձել հենց վարչապետ Փաշինյանի նախաձեռնությամբ»։
«Համացանցում անհեթեթության հասնող ենթադրություններ են շրջանառվում, թե իբր վարչապետ Փաշինյանը Վաշինգտոնում դեմ է արտահայտվել Ադրբեջանում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների կամ նրանց մի մասի վերադարձին։
Վարչապետը բազմիցս նշել է, որ ՀՀ ներկայացուցիչները տարբեր ձևաչափերի իրենց հանդիպումներում շարունակաբար բարձրացնում են այդ հարցը և փնտրում լուծումներ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը հարցը քննարկման առարկա է դարձել հենց վարչապետ Փաշինյանի նախաձեռնությամբ։ Ընդ որում, վարչապետը հարցի մասին խոսել է ամբողջության մեջ և ոչ թե մասնակի»,–ասվում է հայտարարության մեջ։
Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ բոլոր հանդիպումներում բարձրագույն մակարդակով բարձրացնում է Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը։
Ադրբեջանը պաշտոնապես հաստատում է իր մոտ 23 հայ գերիների առկայությունը:






