ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պատմական է համարում Սպիտակ տանը տեղի ունեցած իրադարձությունը, հատկապես՝ Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրման առումով, որը, նրա գնահատմամբ, կարևորագույն հանգրվան է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Ըստ նրա՝ այդ համաձայնագրի նախաստորագրմամբ, ըստ էության, սկսվում է խաղաղության ինստիտուցիոնալիզացման փուլը։ Միրզոյանն այդ մասին խոսել է Արմենպրեսին տված հարցազրույցում։
«Մեծ հաշվով նույնը կարելի է ասել ապաշրջափակման և ենթակառուցվածքների վերագործարկման մասին։ Չէի ցանկանա թյուր տպավորություն ստեղծել. ավարտվեց շատ կարևոր, հիմնարար՝ ենթակառուցվածքների գործարկման ընդհանուր սկզբունքների շուրջ բանակցությունների փուլը, բայց ընդամենը մեկ փուլը։ Առջևում հսկայական աշխատանք կա անելու ավելի կոնկրետ պայմանների և տեխնիկական լուծումների հստակեցման և համաձայնեցման ուղղությամբ։
Ուզում եմ նաև հավելել, որ Վաշինգտոնյան հռչակագրում արձանագրված պայմանավորվածություններն ակնհայտորեն էլ ավելի մեծ կշիռ են ստանում դրանում ամերիկյան կողմի մասնակցությամբ և որպես վկա ԱՄՆ նախագահի ստորագրությամբ»,–ասել է Միրզոյանը։
Նա հավելել է, որ ապաշրջափակման հարցում տարընթերցումների և մեկնաբանությունների տեղ չկա։
«Ենթակառուցվածքների գործարկումը՝ ներառյալ նաև Հայաստանի տարածքում ամերիկյան գործընկերությամբ կառուցվելիքը, տեղի է ունենում երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում և ապահովում է փոխադարձ առավելություններ։ Կրկին՝ ինչպիսին էլ լինեն տեխնիկական լուծումները, որոնք դեռ պետք է քննարկվեն, դրանք չեն կարող լինել նշածս շրջանակից դուրս։
Մնացած մեկնաբանությունները երևակայության արդյունք են կամ մարդկանց մոլորեցնելու փորձ։ Միայն զարմանալ կարելի է, թե ինչպես են հայտնի կենդանու համառությամբ որոշ «անկախ փորձագետներ» կամ «կախյալ» կուսակցականներ շրջանառում տերմիններ, որոնք ըստ էության ինչպես նախկինում մեր կողմից երբևէ չեն ընդունվել, այնպես էլ այժմ Վաշինգտոնյան հռչակագրում չկան։ Ցանկանում եմ նորից ընդգծել այն, ինչ գրված է սևով սպիտակի վրա՝ բոլոր ենթակառուցվածքները գործելու են երկրների ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում, չկա որևէ երրորդ կողմի վերահսկողություն։ Սրանից ավելի հստակ ասել կարծում եմ՝ հնարավոր չէ։
Բայց ես կառաջարկեի մեկ այլ կարևորագույն, ես կասեի, անկյունաքարային իրողություն արձանագրել. Վաշինգտոնյան հռչակագրով ձեռք բերված պայմանավորվածությամբ Հայաստանն ապաշրջափակվում է, մի բան, որը ՀՀ ձգտումն է եղել 35 տարի։ Հայաստանն այսուհետ ստանում է հասանելիություն և կարող է օգտագործել Ադրբեջանի երկաթուղային ենթակառուցվածքներն իր միջազգային առևտրի համար»,–ասել է ԱԳ նախարարը։
Նա հավելել է, որ Խաղաղության համաձայնագրի բովանդակությունը հիմնականում հայտնի է հանրությանը՝ նշվել է, թե դրանում ինչ կա և ինչ վստահաբար չկա։
«Օգոստոսի 11-ին, ինչպես պայմանավորվել ենք ադրբեջանական կողմի հետ, նախաստորագրված համաձայնագրի տեքստը կհրապարակվի։ Ողջամտության կանխավարկածով այդ պահից բոլոր շահարկումներն ուղղակի կդադարեն»,–ասել է նա։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։






