AM
11 Օգոստոս 2025 - 08:29 AMT

Իրանի հյուպատոս․ ՀՀ–ն ինքը պետք է վերահսկի իր սահմանները

Կապանում լրագրողների հետ զրույցում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Իրանը վերաբերվում Սյունիքով «Թրամփի երթուղու» անցնելուն, հայտարարել է, որ Հայաստանն ինքը պետք է վերահսկողություն իրականացնի իր գծված սահմանների նկատմամբ, հայտնում է Sputnik Արմենիան։

«Մենք ներկայացրել ենք մեր դիրքորոշումը, ու այն չի փոխվելու։ Գեոպոլիտիկ սահմանները տարածաշրջանում երբեք չեն փոխվելու։ Ինչքան էլ գեղեցիկ անուններով կամ բառերով անվանեն այս ծրագիրը` չի ստացվի։ Հայաստանը պետք է իր գծված սահմանների վրա հսկողություն ունենա։ Մի փոքր խոչընդոտ անգամ Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ մեզ համար անընդունելի է»,– ասել է նա։

Հյուպատոսը հիշեցրել է, որ Հայաստանը և Իրանը հնագույն պետություններ են, որոնք գոյություն են ունեցել դեռ այն ժամանակ, երբ որոշ արևելյան երկրներ գոյություն չունեին։ Նրա խոսքով՝ ինչպես դարեր առաջ, այնպես էլ այսօր, Երևանն ու Թեհրանն ի վիճակի են լուծել իրենց հարցերը առանց երրորդ երկրների միջամտության։

«Ուկրաինայի փորձը ցույց է տվել, որ տարածաշրջանի երկրներից դուրս այլ երկրներ երբեք չեն կարող մեր տարածաշրջանում անվտանգություն երաշխավորել։ Այս սկզբունքը հավասարապես գործում է ինչպես Պարսից ծոցի տարածաշրջանում, այնպես էլ Հարավային Կովկասում»,– ասել է նա։

Նա դիվանագիտական պատասխան է տվել այն հարցին, թե արդյոք Հայաստանի իշխանությունները տեղեկացրել են իրանցի գործընկերներին «Թրամփի երթուղու» փաստաթղթի մանրամասների մասին։

«Գործընկերների հետ խոսակցություններ ու տեղեկատվություն, ինչպես միշտ, փոխանակվում է, բայց մի ասացվածք կա` սատանան մանրուքների մեջ է: Ուրեմն թողնենք, այդ մանրուքներն էլ որ իմանանք, ժամանակի ընթացքում ամեն ինչ պարզ կլինի»,– հավելել է հյուպատոսը։

Վարամինը նշել է, որ Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթում կան բազմաթիվ հարցականներ և առաջարկել է սպասել նախագահ Փեզեշքիանի այցին Հայաստան, որից հետո, ըստ նրա, շատ բան կհստակեցվի։

«Թրամփի ուղին» (TRIPP) նախագիծը նախատեսում է Սյունիքի մարզով ռազմավարական տարանցիկ միջանցքի ստեղծում, որն Ադրբեջանին կապահովի առևտրային հասանելիություն դեպի Նախիջևան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երթուղին գործելու է բացառապես հայկական իրավասության ներքո և չի ենթադրելու ինքնիշխանության սահմանափակում։

Աշխատանքները կատարելու է ամերիկյան ընկերություն՝ Հայաստանի օրենսդրությանը համապատասխան, առանց ռազմական բաղադրիչի։ Համաձայնագրով ԱՄՆ-ն ստանում է նախագծի իրականացման բացառիկ իրավունք մինչև 99 տարով՝ հնարավորություն ունենալով առանձին հատվածներ ենթավարձակալության հանձնել միջազգային կոնսորցիումին, որը պատասխանատվություն կկրի ենթակառուցվածքի զարգացման և ապահով շահագործման համար։