AM
11 Օգոստոս 2025 - 09:17 AMT

Անանյան. Ակնհայտ է վտանգը, որ այս ստորագրություններով մաքրազարդում ենք Ալիևի հանցագործությունները

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը, անդրադառնալով Վաշինգտոնում ՀՀ, Ադրբեջանի և ԱՄՆ միջև կնքված պայմանավորվածություններին, ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ կա վտանգ, որ այս ստորագրություններով մաքրազարդում ենք Ալիևի հանցագործությունները։

«Վաշինգտոնյան պայմանավորվածությունները «տրիումֆ» հռչակողները, ինչպես նաև սրան ընդդիմախոսողներին հակադարձող՝ աղմկոտ ու բովանդակազուրկ քննադատողները, նախևառաջ պարտավոր են իրենց գիտակցության մեջ հստակ արձանագրել հետևյալ փաստերը.

Ադրբեջանը 44-օրյա պատերազմի ընթացքում կիրառել է միջազգային իրավունքով արգելված զինատեսակներ, այդ թվում՝ ֆոսֆորային ռումբեր։

Պատերազմի ողջ ընթացքում Ադրբեջանը ներգրավել է վարձկան ահաբեկիչների, համալրելով նրանցով իր առաջնագիծը։

Իլհամ Ալիևը հանդիսանում է մարդկության դեմ հանցագործություն կատարած դիկտատոր, որն իրագործել է ցեղասպանական գործողություններ Արցախի բնիկ ժողովրդի հանդեպ՝ 2023 թ. սեպտեմբերին բռնի տեղահանելով նրանց իրենց պատմական հայրենիքից։

Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքների մի մասը՝ մի դեպքում՝ ուղիղ ռազմական ներխուժմամբ, մյուս դեպքում՝ շինծու «դեմարկացիայի» և «դելիմիտացիայի» անվան տակ։

Ադրբեջանը պահում է անազատության մեջ Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարությանը, ենթարկելով նրանց կեղծ և կանխորոշված դատավարությունների։

Ադրբեջանին հաջողվել է թաղել արցախահայության՝ բնօրրան վերադառնալու իրավունքը, ինչպես նաև դրա շուրջ բանակցելու հնարավորությունը՝ չեղարկելով անգամ միջազգային երաշխիքների ենթադրյալ մեխանիզմները։

Ադրբեջանն ու Թուրքիան բացահայտ հայտարարում են, որ Սյունիքը իրենց է պատկանում, Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» է, և իբր պետք է շուրջ 300 հազար ադրբեջանցի «վերադառնա» Հայաստան, իսկ Հայաստանը փոխի իր Սահմանադրությունը՝ այս հովանավորած ծրագրերի հիման վրա։

Այս ամենը փաստեր են, որոնք որևէ կերպ չեն վերանում Վաշինգտոնյան փաստաթղթերի ստորագրմամբ։ Հետևաբար, պետք է հստակ հարց ուղղել էյֆորիայի մեջ գտնվողներին ու «տրիումֆի» մունետիկներին՝ այդ փաստաթղերով մենք վերոհիշյալ հիմնախնդիրներից որո՞նք ենք համարում լուծված։

Չէ՞ որ, իրողության մեջ, ակնհայտ է վտանգը, որ այս ստորագրություններով մենք ոչ միայն չենք լուծում այդ խնդիրները, այլև մաքրազարդում ենք Ալիևի հանցագործությունները, կորցնելով դրանց շուրջ միջազգային հայցեր ներկայացնելու իրավական և քաղաքական հնարավորությունը»,-գրել է Անանյանը։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։