Նախնական դատական լսումները Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով նշանակվել են օգոստոսի 15-ին՝ ժամը 14:30-ին։ Լսումները կայանալու են Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում։
Գործը քննում է նախագահող դատավոր Արմինե Մելիքսեթյանը, հայտնում է Sputnik Արմենիան։
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը կալանավորվել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»)։
Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները ներս են մտել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, սակայն այնուհետև հեռացել են։ Աջապահյանը ինքն է ներկայացել Քննչական կոմիտե։ Հունիսի 28-ին նա կալանավորվել է։ Նրա դեմ հարուցվել է քրեական գործ՝ իշխանության զավթման, տարածքային ամբողջականության խախտման, ինքնիշխանությունից հրաժարվելու կամ սահմանադրական կարգը բռնի տապալելու ուղղությամբ հրապարակային կոչերի համար։






