AM
11 Օգոստոս 2025 - 09:48 AMT

Քոչարյան․ 23 հոգու ցուցակը կազմվել է ոչ թե ՀՀ, այլ մասնավոր ամերիկացու նախաձեռնությամբ, Արցախի ղեկավարներն այնտեղ չկան

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձ է կատարել Սպիտակ տանը Բաքվում պահվող հայ գերիների մասին հիշատակմանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մատնանշած հայ քրիստոնյաների ցուցակին։

Նա գրել է, որ ցուցակը կազմվել է, ոչ թե ՀՀ կողմից, այլ մասնավոր ամերիկացու նախաձեռնությամբ, և որ Արցախի ղեկավարներն այնտեղ չկան։

«Սա Թրամփի ասած 23 քրիստոնյաների ցուցակն է, որի մասին նա անսպասելիորեն Փաշինյանի համար խոսեց հանդիպման ժամանակ։

Այս ցուցակում չկան Բակո Սահակյանն ու մնացած ռազմաքաղաքական ղեկավարությունը, որը հիմա գտնվում է Բաքվի բանտում։

Այս ցուցակում չկան 2023 թվականին գերի ընկած զինվորականներն ու խաղաղ բնակիչները։

Ավելին ասեմ, այս ցուցակը կազմել է Ջոէլ ամերիկացի բողոքական մի քարոզիչ, ով հնարավորություն է ունեցել, ըստ իր խոսքերի, անձամբ խոսել Թրամփի հետ։

Այսպիսով․

Ա. փաշինյանը չի բարձրացրել բանակցությունների ժամանակ Բակո Սահակյանի,Արկադի Ղուկասյանի, Ռուբեն Վարդանյանի և այլ գերևարվածների հարցը։

Բ. 23 հոգու ցուցակը չի կազմվել ու ներկայացվել ՀՀ որևէ պաշտոնական կառույցի կողմից, դա մասնավոր ամերիկացու նախաձեռնություն է։

Գ. Փաշինյանի համար ընդհանրապես անսպասելի էր այս ցուցակի մասին հիշատակումը. իր ժեստերը և արձագանքը դրա վառ ապացույցն էին։

Հ.Գ. Իրենց ընդդիմադիր հռչակող, բայց ներսից նիկոլական մարդկանց էլ, ով հավեսով տարածում էր Թրամփի խոսքերը, որպես ահա, տեսեք, նիկոլը գերիներով զբաղվում ա, խորհուրդ կտամ փսլինքները հավաքել ու վերադառնալ դառը իրականություն»։

Քոչարյանը ընդգծել է, որ այս ցուցակը որևէ կապ չունի պաշտոնական հայկական կողմի հետ և ձևավորվել է բացառապես մասնավոր նախաձեռնության շրջանակում, իսկ Փաշինյանի արձագանքը հուշում է, որ թեման նրա համար լիովին անակնկալ է եղել»,–ասվում է գրառման մեջ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում հայտարարել է, որ աջակցություն կցուցաբերի ադրբեջանական բանտերում պահվող 23 հայ գերիների ազատ արձակման հարցում:Այդ մասին Թրամփն ասել է Սպիտակ տանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:

Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, արձագանքելով այն պնդումներին, թե Փաշինյանը Վաշինգտոնում դեմ է արտահայտվել գերիների կամ նրանց մի մասի վերադարձին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը հարցը քննարկման առարկա է դարձել հենց վարչապետ Փաշինյանի նախաձեռնությամբ»։