AM
11 Օգոստոս 2025 - 11:08 AMT

Փաշինյանը Պուտինին է ներկայացրել Վաշիգնտոնում բանակցությունների արդյունքները

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Վարչապետը ՌԴ նախագահին ներկայացրել է օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշիգնտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների շրջանակում և փոխադարձության հիման վրա, ինչպես նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը։

Վարչապետը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ է բացում ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև տարածաշրջանի բոլոր երկրների համար։ Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել ակտիվ շփումները և քաղաքական երկխոսությունը։

ՌԴ նախագահն իր հերթին տեղեկացրել է Փաշինյանին ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆի հետ հանդիպման արդյունքների և Ալյասկայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ յականալիք հանդիպման նախապատրաստման մասին, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։