«ԱՐԱՐ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Խաչիկյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ըստ հիմնադրամի անցկացրած հարցման արդյունքների, հայաստանցիների մոտ 65%-ը չի հավատում, որ Ադրբեջանի հետ բանակցություններով կարելի է հասնել կայուն և երկարատև խաղաղության։ Միայն 34%-ն է համարում, թե խաղաղության հասնելը հնարավոր է։
Հարցումն անցկացվել է ՀՀ–ում բնակվող 18 և բարձր տարիքի, հայերենին տիրապետող անձանց շրջանում։
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ կնքված փաստաթղթերը կարող են չերաշխավորել անվտանգություն և խաղաղություն՝ ինչպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ կնքված 2020թ․ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։
Խաղաղությունը չեն մուրում, խաղաղությունը վաստակում են՝ զարգացնելով ուժեղ և կենսունակ անվտանգություն։
Իրականում, հասարակության առնվազն 2/3-ը չի տեսնում երկարատև խաղաղության հեռանկարը։ Վերջին տարվա ընթացքում տարբեր ամիսներին արված հարցումների պատկերը գրեթե չի փոխվել․ փոքր տատանումները հիմնականում կապված են տվյալ պահի քաղաքական օրակարգի ու հանրային քննարկումների հետ։
Սա միայն վիճակագրական տվյալ չէ․ սա վկայում է հանրային խոր անվստահության մասին, որը ձևավորվել է տարիների փորձից, պատերազմի հիշողություններից և ադրբեջանական կողմից շարունակվող թշնամական վարքագծից։
Երբ հասարակության մեծ մասը խաղաղությանը չի հավատում, նույնիսկ ամենաբարի մտադրություններով բանակցությունները կարող են ընկալվել ոչ թե որպես ապագայի հույս, այլ՝ որպես աղետաբեր ռիսկ»,–ասվում է գրառման մեջ։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։






