Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ ներկայացնելով օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացած բանակցությունների արդյունքները։
Մասնավորապես, նա տեղեկացրել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրման մասին, ինչպես նաև ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումի վերաբերյալ, որը վերաբերում է ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմների լուծարման գործընթացին։ Նա ընդգծել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման քայլերը, որոնք իրականացվել են երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության սկզբունքների շրջանակում և փոխադարձության հիմքով։ Բացի այդ, ներկայացվել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնությունը։
Փաշինյանն ընդգծել է, որ հաստատված խաղաղությունը ներդրումային նոր հնարավորություններ է բացում Հայաստանում և տարածաշրջանում։
Զրուցակիցները փոխադարձաբար պատրաստակամություն են հայտնել շարունակել ակտիվ քաղաքական երկխոսությունը երկկողմ և միջազգային օրակարգերի շուրջ։ Վարչապետ Փաշինյանը նախագահ Մակրոնին շնորհակալություն է հայտնել շարունակական աջակցության համար։






