AM
11 Օգոստոս 2025 - 12:26 AMT

Հնդկաստանի դեսպանն Իջևանում է․ Գործադուլ անող հնդիկների բարձրացրած խնդիրներն են քննարկվելու

ՀՀ–ում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհան ժամանել է Իջևան՝ աշխատավարձի բարձրացում պահանջող, գործադուլ անող հնդիկ բանվորների խնդրի կապակցությամբ։ Այդ մասին հայտնել է Իջևանի «Իջ գրանդ տեքստիլ» ընկերության տնօրեն Մհեր Միրզոյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Այս պահին Հնդկաստանի դեսպանն այստեղ է, փորձում ենք լեզու գտնել»,– ասել է Միրզոյանը։

Տնօրենը խոստացել է ավելի ուշ հայտնել հանդիպման մանրամասները։

Կարի արտադրամասում աշխատում են Հնդկաստանի 205 քաղաքացի և 170 հայ։

Խնդրին արձագանքել է նաև ՄԻՊ Անահիտ Մանասյանը։

«Օտարերկրացիների կողմից բարձրաձայնվող՝ իրավունքներին առնչվող խնդիրներին, անձանց իրավունքների ապահովման վիճակին, ինչպես նաև աշխատանքային պայմանների առնչությամբ բարձրաձայնվող մտահոգություններին ծանոթանալու նպատակով ՄԻՊ աշխատակազմի Տավուշի մարզային ստորաբաժանման ներկայացուցիչը դեռևս օգոստոսի 6-ին առանձնազրույց է ունեցել աշխատակիցներից մի քանիսի հետ:

Մարդու իրավունքներին վերաբերելի բոլոր հարցերը ամփոփվում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում և կհասցեավորվեն իրավասու պետական մարմնին:

Պաշտպանն իր իրավասությունների շրջանակում հետևողական է լինելու, որպեսզի աշխատանքային իրավունքներն առհասարակ պատշաճ կերպով ապահովվեն և պաշտպանված լինեն»,- գրել է նա։

Օգոստոսի 7–ին լուր տարածվեց, որ մի քանի տասնյակ հնդիկներ օգոստոսի 6–ի երեկոյան փակել են Իջևան-Երևան միջպետական ճանապարհը` պահանջելով, որ գործատուն վճարի իրենց աշխատավարձը։ Ավելի ուշ ընկերության տնօրենն ասել է, որ հնդիկները ոչ թե աշխատավարձ չեն ստացել, այլ աշխատանքային պայմանների բարելավում են պահանջում, մինչդեռ նրանց հետ կա կնքած 3 տարվա աշխատանքային պայմանագիր, իսկ բարձրացված պահանջները հնարավոր չէ բավարարել։