ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, գործարար և բարերար Սամվել Կարապետյանի ձերբակալումը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Կարապետյանի փաստաբան Լիանա Գասպարյանը։
«Դատարանը հաստատել է, որ 2025 թվականի հունիսի 18-ին Սամվել Կարապետյանի ձերբակալումը եղել է ոչ իրավաչափ, ինչի արդյունքում Սամվել Կարապետյանն ապօրինաբար՝ շուրջ 9 և ավել ժամ պահվել է անազատության մեջ:
Այսպիսով, Վերաքննիչ քրեական դատարանը հաստատել է սույն քրեական վարույթով տեղի ունեցող ապօրինությունների շարքից հերթականը՝ Սամվել Կարապետյանի ապօրինաբար և անհիմն ձերբակալվելու փաստը:
Մինչդեռ, պետք է նկատել, որ առաջին ատյանի դատարանն (կրկին դատավոր Արտակ Կարապետյանը) իր որոշումը կայացնելիս չէր անդրադարձել ձերբակալման այս կարևոր հանգամանքին»,–ասվում է գրառման մեջ։
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը կալանավորվել է երկու ամսով և տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ` «ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի» մեղադրանքով։ Դրանից մի քանի ժամ առաջ Կարապետյանը հանդես էր եկել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությամբ․«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց… թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»։
Ի պատասխան Փաշինյանը գրել էր․ «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: Ավելի ուշ նա հավելել է, որ ՀԷՑ–ը պետք է պետականացվի և շատ արագ։






