Կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը։
Զրույցի ընթացքում վարչապետը ներկայացրել է օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում անցկացված բանակցությունների արդյունքները։ Մասնավորապես, խոսքը վերաբերել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրմանը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմների լուծարման վերաբերյալ ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումին, տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը՝ պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության սկզբունքների շրջանակում ու փոխադարձության հիմքով, ինչպես նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծին։
ՀՀ վարչապետը ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը կարող է հիմք դառնալ տարածաշրջանային նոր մակարդակի համագործակցության համար։
Զրուցակիցները անդրադարձել են նաև Հայաստան-Թուրքիա երկկողմ օրակարգի խնդիրներին, այդ թվում՝ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։
Վարչապետը նշել է, որ այդ պայմանավորվածությունների իրագործման մթնոլորտն այժմ առավել քան երբևէ նպաստավոր է։
Կողմերը համաձայնեցրել են շարունակել ակտիվ քաղաքական երկխոսությունը։
Թուրքական կողմը ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի մանրամասները, հայտնում է Radar Armenia-ն։
Ըստ հաղորդագրության՝ Էրդողանը շնորհավորել է Փաշինյանին Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնության կապակցությամբ:
Նա նշել է, որ խաղաղության հանդեպ ցուցաբերված կամքը արժեքավոր է տարածաշրջանում հանգստության տեսանկյունից, Էրդողանն ընդգծել է, որ այժմ այդ քայլը պետք է վերածվի կոնկրետ գործողությունների:
Էրդողանը հայտնել է նաև, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը զարգացնելու համար տեխնիկական մակարդակով քննարկումները, և այս ուղղությամբ ջանքերը կշարունակվեն։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։






