Դատախազությունը, գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալությունն ոչ իրավաչափ համարելու մասին Վերաքննիչ քրեական դատարանի դատական ակտը ստանալուց հետո, վճռաբեկ բողոք կներկայացնի դրա դեմ: Այդ մասին հայտնել են Գլխավոր դատախազությունից, հայտնում է Արմենպրեսը։
Միաժամանակ, Գլխավոր դատախազությունից մեկնաբանել են, որ Վերաքննիչ քրեական դատարանի կողմից Սամվել Կարապետյանի ձերբակալումը ոչ իրավաչափ գնահատելու փաստը որևէ առնչություն չունի Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին դատական ակտի օրինականության և հիմնավորվածության հետ:
Մասնավորապես՝ Սամվել Կարապետյանը վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ նշված ձերբակալումից ազատ է արձակվել, հետագայում նա ձերբակալվել է այլ հիմքով, ինչը կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին դատարանի որոշմամբ, ինչպես նաև դրա բողոքարկման արդյունքում կայացված դատական ակտով ճանաչվել է իրավաչափ:
Վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ է գնահատել Սամվել Կարապետյանի ձերբակալումը:






