Օգոստոսի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։
Ի շարունակություն երկու երկրների ղեկավարների միջև կայացած զրույցի, Արարատ Միրզոյանը ՌԴ իր գործընկերոջն է ներկայացրել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը,ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ համատեղ դիմումը, ինչպես նաև ընդգծել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում վերահաստատված հիմնարար սկզբունքները:
Միրզոյանը շնորհակալություն է հայտնել այս կարևոր հանգրվանի կապակցությամբ ՌԴ ԱԳ նախարարի շնորհավորանքի և աջակցության համար:
Զրուցակիցները նաև անդրադարձ են կատարել ՀՀ և ՌԴ միջև երկկողմ համագործակցության հարցերի:
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։






