Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն օգոստոսի 11–ին տեղի ունեցած հեռախոսազրույցում անգամանալից անդրադարձ է կատարվել օգոստոսի 8-ի համաձայնություններին, ի թիվս մյուսների՝ ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը՝ որպես գործընթացում այս պահին կարևորագույն հանգրվան:
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ օգոստոսի 11–ին ԵԱՀԿ մասնակից պետություններին է շրջանառվել ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ դիմումը և առաջարկվող համապատասխան որոշման նախագիծը:
Արարատ Միրզոյանն ու Ժան-Նոել Բարոն մտքեր են փոխանակել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման պայմանավորվածության կյանքի կոչման արդյունքում տարածաշրջանի երկրների և դրանից անդին գործընկերների համար փոխկապակցվածության ավելացման աննախադեպ հնարավորությունների շուրջ:
Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի կողմից շնորհավորանքի և գործընթացում շարունակական աջակցության համար:
Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել նաև Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։
Միրզոյանը, անդրադառնալով օգոստոսի 8-ի վաշինգտոնյան պայմանավորվածություններին, ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրման նշանակությունը՝ այն որակելով որպես երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացում մինչ այժմ գրանցված ամենակարևոր փուլերից մեկը։
Նա կարևորել է նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը, մասնավորապես՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի իրագործումը, որը, նրա խոսքով, կարող է զգալի ազդեցություն ունենալ Հարավային Կովկասում և դրանից դուրս փոխկապակցվածության ընդլայնման վրա։
Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Կայա Կալասին ԵՄ-ի կողմից հնչեցված շնորհավորանքի համար։ Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղիները և տարածաշրջանային ծրագրերի ներառականության ապահովման կարևորությունը։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։






