Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Միրզոյանն անդրադարձ է կատարել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումների արդյունքներին, այդ թվում՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջակման և զարգացման շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններին և հետագա աշխատանքներին:
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ինչպես նախկինում բազմիցս հայտարարվել է ՀՀ կողմից, այնպես էլ վաշինգտոնյան հռչակագրում արտացոլված է այն, որ ենթակառուցվածքների գործարկումը՝ ներառյալ Հայաստանի տարածքում ամերիկյան գործընկերությամբ կառուցվելիքը, տեղի է ունենալու երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում:
Այս առնչությամբ նախարար Միրզոյանը Սեյեդ Աբբաս Արաղչիին շնորհակալություն է հայտնել վաշինգտոնյան համաձայնությունների վերաբերյալ սկզբունքային անդրադարձի համար:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Իրանի միջև առաջիկա խորհրդակցությունների և բարձրաստիճան շփումների նախապատրաստման շուրջ:
Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթերի առնչությամբ Իրանը շարունակական շփումներ է ունեցել երկու կողմերի հետ։ Նա ասել է, որ «միջանցքի հարցը փակված է, խոսքը հայկական տարանցիկ ճանապարհի մասին է»։
«Միջանցքի հարցը լիովին մի կողմ է դրվել, և խոսքը տարանցիկ ճանապարհի մասին է, որը կկառուցվի Հայաստանի ինքնիշխանության և իրավասության ներքո՝ այս երկրի տարածքում։ Այս նախագծի իրականացումը մի ընկերության պատասխանատվությունն է, որն, ինչպես ասվել է, կլինի ամերիկա-հայկական ընկերություն, որը գրանցված է Հայաստանում և գործում է այս երկրի օրենքներով։ Իհարկե, ինչպես նշվել է արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, տարածաշրջանում ցանկացած օտարերկրյա ներկայություն, ցանկացած ձևով, կարող է բացասական հետևանքներ ունենալ տարածաշրջանի խաղաղության և կայունության համար»,–ասել էր նա։






