AM
12 Օգոստոս 2025 - 08:30 AMT

«Երևանի ավտոբուս»․ Վարորդը ենթարկվել է ինքնավթարի` մնալով սեփական մեքենայի և ավտոբուսի արանքում

«Երևանի ավտոբուս» ընկերության խոսնակ Գեղամ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ «ավտոբուսի վարորդը ինքնավթարի է ենթարկվել՝ մնալով իր մեքենայի և թիվ 7 երթուղու մեկ այլ տրանսպորտային միջոցի արանքում»։

Նա նշել է, որ օգոստոսի 11–ին 16:45-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում` 7 համարի երթուղու վերջնակետում, վարորդներից մեկը, անզգուշությամբ չի գործարկել մեքենայի` ձեռքի արգելակման համակարգը, ինչի հետևանքով մեքենան հարվածել է մյուս կայանված մեքենային։

«Երևանի հանրային տրանսպորտի որևէ վարորդ մեկ այլ վարորդի վրաերթի չի ենթարկել։ Վարորդը ենթարկվել է ինքնավթարի` մնալով սեփական մեքենայի եւ թիվ 7 երթուղին սպասարկող մյուս տրանսպորտային միջոցի արանքում նախնական ձեռքի արգելակման համակարգը չգործարկելու պատճառով»,–գրել է նա։

Մեկ այլ գրառման մեջ խոսնակը նշել էր, որ տեղում հավաքված քաղաքացիների և մյուս մեքենայի վարորդի օգնությամբ վարորդը դուրս է բերվել և Շտապօգնության ծառայությամբ տեղափոխվել բժշկական կենտրոններից մեկը։

Վարորդը ստացել է կոտրվածքներ, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում։